տուն Քաղաքական Հայաստան Իմ կյանքի ամենամեծ ներշնչանքի աղբյուրներից ես եղել, չես կասկածել երիտասարդների ուժին. Ռեւազյանը՝...

Իմ կյանքի ամենամեծ ներշնչանքի աղբյուրներից ես եղել, չես կասկածել երիտասարդների ուժին. Ռեւազյանը՝ Վարդանյանի մասին

399
0

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում է կատարել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Թանկագի՛ն Կարեն,
Ես ուղղակի չեմ կարողանում հավատալ այն փաստին, որ մենք ունեցանք մեր վերջին խոսակցությունը:

Դու իմ կյանքի ամենամեծ ներշնչանքի աղբյուրներից մեկն ես եղել: Ինձ պատմած քո պատմությունները, թե ինչպես էիք կառուցում ՏՏ ոլորտը Հայաստանում, ինձ վրա շատ մեծ ազդեցություն են թողել: Քո պատմությունները ինձ սովորեցրին հասկանալ, թե ինչպես մի քանի նվիրված մարդիկ կարող են փոխել մի ամբողջ ոլորտ: Դու ինձ սովորեցրիր, թե ինչպես հասնել մեծ նպատակների՝ քիչ ռեսուրսներով, վառ երևակայությամբ և ստեղծագործական մտքով: Դու ինձ ցույց տվեցիր, թե ինչպես պետք է սիրել Հայաստանը՝ առանց նախապայմանների: Դու բացեցիր իմ աչքերը՝ տեսնելու այն հիանալի կարողությունները, որ Հայաստանի ամենահեռավոր գյուղերում ունեն մեր երեխաները: Դու երբեք չես կասկածել ինձ, երբեք չես կասկածել երիտասարդների ուժին: Միշտ գտել ես ժամանակ հանդիպելու և կիսվելու քո գիտելիքներով:

Հիմա մենք այն բախտավոր մարդկանցից ենք, որոնք մեծ պատիվ ունեն քեզ ճանաչելու և մեծ պարտավորություն՝ քո գործը շարունակելու: Մեր փոքրիկ Մոնթեան նույնպես կմեծանա՝ քո թողած հսկայական գործը հիշելով և դրանով կրթվելով: Պարույրը եւ ես անհամբերությամբ էինք սպասում այն օրվան, երբ քեզ կծանոթացնեինք Մոնթեային:

Սրտանց շնորհակալ եմ: Ցավակցություններս քո ընտանիքին և մեր երկրին»: