ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը Ստեփանակերտում համանախագահների՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ:
Ինչպես հայտնում է РУСАРМИНФО-ն, ՌԴ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ զրույցի ընթացքում միջազգային բանագնացները խոսել են Նյու Յորքում կայացած հանդիպման արդյունքների մասին և ներկայացրել իրենց մոտեցումներն ու տեսլականը այն մարդասիրական խնդիրների վերաբերյալ, որոնք քննարկվել են Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ Վիեննայի գագաթնաժողովի, ապա՝ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է լրագրողական փոխանակմանը և Ղարաբաղում ու Ադրբեջանում բանտարկված անձանց վիճակի բարելավմանը: Կան կոնկրետ գաղափարներ, և աշխատանքը շարունակվում է»,- հայտարարել է Պոպովը:
Բացի այդ, նա տեղեկացրել է, որ ՄԽ եռանախագահները վերջերս եղել են Ժնևում, հանդիպել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Պիտեր Մաուերի հետ՝ նրա հետ ունենալով կառուցողական զրույց: Պոպովի խոսքով՝ ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համաձայնության դեպքում, նրանց հաջորդ հանդիպումը կկայանա Բրատիսլավայում:
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը Նյու Յորքում կայացել է այս տարվա սեպտեմբերին: