Արծրուն Պեպանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի ստատուսում արդեն ներկայացրել եմ, որ յոթհարյուրամյա միջկրոնական, ապա ներկրոնական քաղաքացիական պատերազմի, մի այդքան էլ մեզանից պակաս քաղաքակիրթ ժողովուրդների տիրապետության հատևանքով հայ ժողովուրդը ցավալիորեն դեգրադացվել է: Այնքան, որ դեռ իններորդ դարում օտարի կողմից «քաջարի ազնվական» բնութագրվող հայը ուղիղ հազար տարի հետո դարձել էր կրավորական, կորցրել հավատը սեփական ուժերի նկատմամբ, հաշտվել այն մտքի հետ, «որ ինքն ոչ թէ միայն ազգ չէ, այլ որ անհատներից իւրաքանչիւրը իրաւունք չունի մինչև անգամ մարդի անունը կրելու, իրաւունք չունի այն հասարակ ընդհանուր մարդկային իրաւունքները վայելելու, որ վայելում է ամէն մի մարդկային էակ…» (այդ շրջանի մտավորականի ցավոտ դիտարկում)։ Հայը անկման այնպիսի աստիճանի է հասել, որ չի հանդգնում պահանջել «կեանքի ապահովութեան և ազատութեան անբռնաբարելի իրաւունքները…»:
Ավելին, մոտ հարյուր տարի առաջ մեր մեկ այլ մտավորական նկատեց, որ հայ ժողովրդի մեջ ձևավորվել է մարդու մի տեսակ, որի հիշողությունից դաժան դարերի հատևանքով ջնջվել են ազգ, հայրենիք զգացումները, և որը սեփական ժողովրդի ու հայրենիքի հանդեպ վարվում է այնպես, ինչպես կվարվեր թուրքը: Մարդու այս տեսակը նա կոչեց թուրքացած հայ՝ գտնելով, որ այն ազգի գոյության հիմնական հակառակորդն է, և հայի այդ տեսակի դեմ պայքարը պիտի լինի հասարակության գլխավոր խնդիրը»: |