Անցել է մեկ տարի, ինչ ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ Սերժ Սագսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը երկու տարբեր վայրերում տվեցին իրենց երդմնակալության խոստումը: Սերժ Սարգսյանըˋ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում, Րաֆֆի Հովհաննիսյանըˋ Ազատության հրապարակում:
Հետընտրական դեպքերի զարգացումներից եւ իշխանափոխության գնալու անարդյունք ջանքերից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը ինաուգուրացիայից ուղիղ մեկ տարի անց կրկին կամք է հայտնում լցնել Ազատության հրապարակը քաղաքացիներով:
Թե ի՞նչ նպատակ ունի այս ամենըˋ Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց.
«Ամեն ինչ հասկանալի է: Քաղաքական ուժերը պիտի ցույց տան, որ իրենք գոյատեւում են եւ կան քաղաքական իրականության մեջ, հետեւաբար յուրաքանչյուր առիթ, այդ թվում բավականին հարմար այս առիթը օգտագործելու են ցույց տալու, որ իրենք այս երկրի կյանքում ինչ-որ մի դեր խաղում են»:
Նշենք, որ այսօր ժամը 18:00-ին Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հանդես է գալու հայտարարությամբ:
Araratnews.am-ի այն հարցին, թե սպասելի՞ են ինչ-որ զարգացումներ այսօր, Մինասյանն ասաց.
«Իսկ անցած տարի ի՞նչ տեղի ունեցավ, անցած տարի ի՞նչ փոխվեց, բնականաբար կլինի նույնը, ինչ որ մի տարի առաջ էր: Պարզապես մի քանի անգամ ավելի փոքր մասշտաբներով»: