Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծը։
Նախագծի հիմնական զեկուցողն է Սուրեն Գրիգորյանը։
«Առաջին հիմքը պարոն Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձն է Ռոբերտ Քորչարյանին՝ օգոստոսի 31-ին՝ ՍԴ-ի կայացրած որոշումից ընդամենը 4 օր առաջ։ Այդ շնորհավորանքի տեքստը երկիմաստ է և բովանդակությունը շատ հստակ ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն շարունակում է սատարել Ռոբերտ Քոչարյանին։ Երկրորդ հիմքը՝ Ռ․ Քոչարյանի պաշտպաններից մեկի և ՍԴ նախագահի միջև առկա քավոր-սանիկական հարաբերություններն են։ Այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ Թովմասյանը այդ մասին չի բարձրաձայնել և վարույթից չի հեռացել։ Այդ հարազատական հարաբերությունները կողմնակի դիտորդի մոտ կարող են կասկած առաջացնել։ Երրորդ հիմքը՝ պարոն Թովմասյանի կողմից նախկինում Մարտի 1-ի վերաբերյալ տարբեր կարծիքներ նշելն է։ Արտացոլված են նրա կարծիքները Մարտի 1-ի մասին, որոնցում նա մինչև ՀՀԿ անդամ դառնալն ասել է, որ Մարտի 1-ի իրադարձությունները ամոթալի են մեզ համար և դատավարությունները պետք է կարճվեն, իսկ, լինելով Կառաավարության անդամ, մի փոքր այլ կարծիքներ են հնչել նրա կողմից, ըստ որի, Մարտի 1-ի ժամանակ եղել են զանգվածային անկարգություններ և արտակարգ իրավիճակի սահմանումը համապատասխանել է օրենքի պահանջներին։ Չորրորդ հիմքը՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքի կետն է, ըստ որի, դատավորի՝ վարույթին մասնակցելու հարցը որոշվում է գործը քննության ընդունելու ժամանակ, այս բոլորի մասին տեղյակ լինելով, Հրայր Թովմասյանը սակայն չի բարձրաձայնել դրանց մասին։ Եթե անգամ անձը գտնում է, որ ինքը կաշկանդված չէ, ինքը գոնե դրամ մասին պետք է բարձրաձայներ»,- մանրամասնեց Գրիգորյանը։