Հայկական առցանց տիրույթում ակտիվորեն քննարկվում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի արձագանքը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մայիսի 22-ին Հանրային խորհրդի հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությանը՝ Վրաստանի հակահամաճարակային քաղաքականության վերաբերյալ, գրում է 1in.am-ը:
Նշենք, որ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը առողջապահության նախարարին հարցրել էր, թե ինչով է պայմանավորված Հայաստանի և Վրաստանի վիճակագրության տարբերությունը կորոնավիրուսի վերաբերյալ, և մասնավորապես, ինչու են Վրաստանում օրական գրանցվող դեպքերն անհամեմատ քիչ, քան Հայաստանում։
Թորոսյանը, պատասխանելով հարցին, մի շարք պատճառներ և հանգամանքներ էր նշել՝ վարակակիրների հաշվման տարբեր մեթոդաբանություն, ավելի խիստ սահմանափակումներ և այլն։ Սոցցանցերում տարածվեց նաև պնդում, թե Թորոսյանը կասկածի տակ է դրել Վրաստանի կողմից տվյալների ամբողջական և թափանցիկ ներկայացնելը։
Մայիսի 23-ին տարածվեց Ամիրան Գամկրելիձենի պատասխանը Արսեն Թորոսյանին։ Նա ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությունը որակել էր ոչ դիվանագիտական, սակայն, միևնույն ժամանակ, կասկածի տակ առնել այն փաստը, որ Թորոսյանն իսկապես կարող էր նման բան ասած լինել։ «Գամկրելիձեն չի բացառում, որ լրագրողները սխալ են մեջբերել նախարարի խոսքը»,- գրել էր Грузия Online-ը:
Հատկանշական է, որ Թորոսյանի ծավալուն պատասխանը բազմաթիվ կայքեր ներկայացրել են մասնակի՝ շատ հաճախ դուրս թողնելով այն հատվածը, երբ Թորոսյանն ընդունում է, որ Վրաստանում սահմանափակման միջոցառումներն ավելի խիստ են եղել:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: