տուն Լուրեր Ի՞նչ եք պատկերացնում. ոստիկանապետը իրեն թույլ տար նման բան անել՝ Շանթից բան...

Ի՞նչ եք պատկերացնում. ոստիկանապետը իրեն թույլ տար նման բան անել՝ Շանթից բան կմնա՞ր. ՀՀ Ոստիկանապետ

305
0

1466168_10202447457405935_1164660470_n

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հերքեց, թե ինքը և իր տեղակալ Հունան Պողոսյանը բռնություն են գործադրել Մաշտոցի պողոտայում օրեր առաջ տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալված Շանթ Հարությունյանի և ազատամարտիկ Վարդան Վարդանյանի նկատմամբ: 

«Տրամաբանության բացակայություն եմ տեսնում: Նախ և առաջ, հազարից ավել մարդ կար էնտեղ՝ [ոստիկանության Կենտրոնականի] բաժնի շենքում, երկրորդը՝ եթե էս երկու տարիների ընթացքում նման դեպք է եղել, ուրեմն՝ սա էլ կարող է իրականությանը համապատասխանել», — հայտարարեց Գասպարյանը՝ շարունակելով. — «Իհարկե, չի եղել և չէր կարող լինել նման դեպք: Հանձնաժողով, մեկուսարան ընդունել, բոլոր տեղերը ամեն ինչ ֆիքսվում է»:

«Սա նույնպես հիվանդ երևակայության արդյունքն էր: Ի՞նչ եք պատկերացնում հետո. ոստիկանապետը իրեն թույլ տար նման բան անել՝ Շանթից բան կմնա՞ր: Որտե՞ղ է տրամաբանությունը: Բացի դրանից՝ էնտեղ եղել են պատգամավորներ և այլն», — ասաց ոստիկանապետը:

Դիտարկմանը, որ Շանթ Հարությունյանը նախքան երթը հայտարարել էր, որ իրենք զինված են բենզինի շշերով, քարով, փայտով և այլ իրերով, իսկ ոստիկանությունն, իր հերթին, հաղորդագրություն էր տարածել, որ Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում, և հարցին, թե այդ ամենը հաշվի առնելով, հնարավոր չէր նախապես կանխել բախումը, Վլադիրմիր Գասպարյանն արձագանքեց. — «Հայտարարվեց և կանխվեց: Եթե մտածում եք, որ հենց այդ պահին հայտարարվում է և ձեռնաշղթաները հագցնում են և տանում են, դուք սխալվում եք: Հայտարարվեց և կանխվեց միջադեպը: Մեր տեսադաշտում են եղել ամբողջ գործողությունները, և ոստիկանությունը գործել է ըստ մշակված ծրագրի»:

«Ոստիկանները ոչ իրավաչափ չեն գործել», — հայտարարեց ոստիկանապետը` շարունակելով. — «Դուք նկատեցի՞ք, որ ոստիկանները նույնիսկ ռետինե մահակներ չունեին: Դատարկ ձեռքերով կանգնած էին»:

Գնահատելով կատարվածը` Վլադիմիր Գասպարյանն ասաց. — «Քրեական հանցագործություն է, ոչ մի քաղաքական բան: Ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը: Եթե մեր հասարակությունը հիվանդ է այն աստիճան, որ Շանթի դատարկախոսությունները և այս մի քանի քրեական տարրերի արած գործողությունները հեղափոխություն է որակում, վայ մեր հասարակությանը»:

Ոստիկանապետի խոսքով, միջադեպի հետևանքով, բացի իրավապահներից, ոչ ոք չի տուժել:

Նա նաև չբացառեց, որ ձերբակալվածների թիվն ավելանա:

Հավելելնք, որ ոստիկանությունն այսօր իր պաշտոնական կայքում անդրադարձել է ոստիկանապետի ու նրա տեղակալի կողմից Շանթ Հարությունյանին ու Վարդան Վարդանյանին բռնության ենթարկելու մասին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ այն որակելով որպես ապատեղեկատվություն:

Նյութն ամբողջությամբ` azatutyun.am-ում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here