Խորհրդարանական խմբակցությունները չեն ձեւավորի «Ոչ»-ի շտաբ: Այսօր ՀՀԿ-ը՝ նախկին իշխանությունը, հայտարարել է՝ չի մասնակցելու հանրաքվեի քարոզարշավին։
Araratnews.am-ը արձակագիր Գեւորգ Տեր-Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված սա: Նախկին իշխանության ներկայացուցիչները քննադատում են սահմանադրական փոփոխությունները, բայց չեն մասնակցում հանրաքվեին: «Մակերեսային պատասխանն այն է, որ դրանով միայն կավելացնեն «այո»-ի շանսը: Բայց կա խորքային մոտեցում նույնպես. քվեարկողը ոչ թե «այո»-«ոչ»-ի հարցը պիտի քննարկի այս հանրաքվեով, այլ (վերա)հաստատի իր կամքը՝ շարժվել փոփոխությունների ուղիով»,- ասաց արձակագիրը:
Հարցին՝ եթե «Ոչ»-ի դաշտը թափուր է, արդյոք հանրությունը կստանա օբյեկտիվ պատասխան՝ փոփոխությունները դեպի ուր են տանելու՝ դեպի լեգիտիմ սահմանադրական դատարա՞ն, թե՞ ինչպես նախորդներն են ասում՝ դեպի բռնապետություն: «Ժողովրդի կողմից ընտրելը, իհարկե, բռնապետություն է մաֆիայի հանդեպ: Ժողովրդի կողմից ձևավորված լեգիտիմ պետությունը բռնապետություն է գողականության, քրեաօլիգարխիայի, կրիմինալի նկատմամբ, անտարակույս»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
Այնուամենայնիվ, մտահոգիչ չէ՞, որ կարծես բալանսավորում չի լինելու: Կլինի միայն «Այո»-ի քարոզ, նաեւ իրավաբանների կողմից ստեղծված «Ոչ»-ի նախաձեռնություն, բայց ոչ շտաբ: Գրիգոր Տեր-Գաբրիելյանը հիշեցրեց Անկախության հանրաքվեն, երբ մտահոգվում էին, որ «չանկախության» շտաբ, փաստորեն, չկար: «2015 թ. սահմանադրության քեարկության ժամանակ էլ չկար, ավաղ «Ո՛չ՝ այսպիսի սահմանադրությանը» շտաբ: Այն ժամանակ չէին մտահոգվում այսօրվա մտահոգները»,- ավարտեց իր խոսքը արձակագիրը: