ԱԺ-ում քննարկվում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքների փաթեթը: Ըստ օրենքի՝ ստուգելու են անձի օրինական եկամուտը, աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները, ստացված փոխառությունները, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը, գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձեւից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների եւ տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առեւտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առեւտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (ռոյալթի) եւ հեղինակային վարձատրությունը, շահաբաժինները, խաղատներում կամ շահումներով խաղերում ստացված եկամուտները (շահումները), մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաեւ վիճակախաղերի իրային կամ դրամական շահումները (մրցանակները), նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները, ժառանգության կարգով ստացված գույքը (նաեւ դրամական միջոցները), ապահովագրական հատուցումները, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը, գույքը օտարելուց ստացված եկամուտը, վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը, միանվագ վճարները, գույքային իրավունքներից ստացված եկամուտը, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը, կենսաթոշակը, գյուղատնտեսական արտադրանքից ստացված եկամուտը:
Հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ հայտնի հանգամանքները՝ իրավասու մարմինը որոշում է ուսումնասիրվող ժամանակահատվածը, որը կարող է ներառել բացառապես 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատված:
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին Araratnews.am-ը հարցրեց՝ հնարավո՞ր է հանրային որոշ խմբեր ընդվզեն այս օրենքի դեմ, երբ այն սկսի գործել: «Չեմ կարծում, քանի որ հանրությունն է այս պահանջի պատվիրատուն: Հանրությունն է տվել նախկին իշխանության՝ երկրի միջոցները թալանելու գործընթացի եւ դրա շնորհիվ նախկին իշխանավորների միջոցների ավելացման գնահատականը»,- ասաց Հանրային խորհրդի նախագահը:
Երբ օրինագիծը սկսեց քննարկվել, նախկին իշխանության ներկայացուցիչները քննադատեցին օրենքը, սակայն այսօր կարծես թե բողոք չկա: Գուցե կարծում են՝ օրենքը շրջանցել հնարավո՞ր է: Հանրային խորհրդի նախագահը կարծում է՝ հույսը Սահմանադրական դատարանի ներկայիս կազմն է: «Նրանք հույս ունեն՝ վիճարկել այս օրենքը, երբ այն ուժի մեջ մտնի: Հույսը դրել են Հրայր Թովմասյանի վրա»,- ասաց պարոն Սաֆարյանը:
Ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքների փաթեթը, մեր զրուցակցի խոսքով, անցումային արդարադատության գործիք է:
Հանրային խորհրդի նախագահը կարծում է՝ վաղ թե ուշ սահմանադրական դատարանի կազմը կփոխվի:
Ի դեպ, կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարելու համար «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծ էր բերվել, որն ավելի շատ հայտնի է որպես բանկային գաղտնիքի մասին օրինագիծ: Այն, սակայն, նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել: Ստյոպա Սաֆարյանը կարծում է՝ նախագահ Սարգսյանը կփոխի իր դիրքորոշումը, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար իշխանությունը լիարժեք գործիքակազմ պետք է ունենա:
Դիտարկմանը, թե ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքը կուլակաթափություն են անվանում, Հանրային խորհրդի նախագահն այլ կերպ է ձեւակերպում. «Սկսվելու է ժողովրդից թալանածը ժողովրդին վերադարձնելու պրոցես»:
Սոնա Դավթյան