«Ժողովուրդ»-ն այսօրվա խմբագրականում գրել է.
«Քոչարյան-Սարգսյան հեռակա բանավեճի շուրջ արդեն իսկ հնչել են ամենատարբեր մեկնաբանություններ` սկսած Քոչարյանի` առաջիկայում քաղաքականություն վերադառնալու ցանկությունից, ավարտած զուտ միջանձնային հարաբերությունների պարզաբանմամբ: Չբացառելով ոչ մեկը, եւ ոչ էլ մյուսը, ավելին` միանգամայն հավանական համարելով այդ երկուսի համատեղումը, նկատենք, որ երկու կողմի հնչեցրած քննադատությունն էլ կարելի էր միանգամայն հիմնավոր համարել, եթե մի պահ մոռանայինք, թե ովքեր են հեղինակները: Սակայն քանի որ թե Ռ. Քոչարյանը, թե Տ. Սարգսյանը մեղքի շատ մեծ բաժին ունեն երկրի ներկայիս տնտեսաքաղաքական վիճակի համար, նրանց ներկայացրած եւ ոչ մի փաստարկ չի կարող ընդունելի լինել:
«Ես չեմ կարող անտարբերությամբ նայել երկրում կուտակվող խնդիրներին եւ անկեղծ արտահայտում եմ իմ վերաբերմունքը դրանց»,- ասում է Քոչարյանը: Սակայն արդյոք այդպես է: Ինչն էր օրնակ, խանգարում, որպեսզի նա գազային խայտառակ համաձայնագրի մասին իր մտահոգությունները հնչեցներ ոչ թե պոստֆակտում` համաձայնագրի վավերացումից հետո, այլ ավելի վաղ` երբ այն քննարկվում էր Աժ-ում: Եթե Քոչարյանն անկեղծ է իր մտահագություններում, արդյոք ավելի արդյունավետ չէր լինի հենց այդ փուլում խոսելը, երբ միգուցե եւ նրա խոսքը կարող էր էական նշանակություն ունենալ: Քոչարյանը, որը բացահայտ հայտարարեց, թե ՀՀԿ-ականների ցուցակները անուն առ անուն ժամանակին կազմվել են անձամբ իր կողմից, ցանկության դեպքում կարող էր իր երբեմնի հենարանին մեսիջ ուղարկել, թե` մի վավերացրեք այդ համաձայնագիրը: Նման բան, սակայն, նա չարեց` շատ պարզ պատճառով. որքան վատ` այնքան լավ իր վերադարձի համար: Հետեւաբար, եթե անգամ կային անկեղծ մտահոգություններ, ապա բոլորովին էլ ոչ ՀՀ էներգետիկ ապագայի շորջ:
Եվ կամ` Մաքսային միությանն անդամակցության հարցում: Դեռեւս սեպտեմբերի 6-ին Վիկտոր Սողոմոնյանը «Ժողովուրդի» հետ զրույցում նշել էր, որ Քոչարյանն առաջիկայում կարտահայտի իր տեսակետն այդ խնդրի շուրջ: Սակայն ինչպես տեսանք, դրա փոխարեն պաշտոնաթող նախագահը զբաղված է իր գրծունեությունը քննադատել համարձակված նախկին ԿԲ նախագահին տնտեսագիտական դասախոսություններ կարդալով:
Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի հիմնավորումներին եւ ներկայացրած թվերին, ապա դրանք, չնայած գեղեցիկ փաթեթավորմանը, սնանկ են, ավելի ճիշտ` վարչապետի սիրած բառով ասած` «փուչիկ»: Եվ այստեղ միանգամայն իրավացի է Ռոբերտ Քոչարյանը` նշելով, թե«Ցանկացած իշխանության գործունեության գնահատման գլխավոր ցուցանիշը շատ պարզ է. մարդկանց կյանքը այդ իշխանության օրոք լավացել է, թե վատացել: Այստեղ ոչ մի հնարք չի օգնի: Իրենց կենսամակարդակի մասին մարդիկ ոչ աղյուսակներից են տեղեկանում, ոչ էլ` նկարված վիճակագրությունից»»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: