տուն Լուրեր «Ժողովուրդ». Վտանգավոր զարգացումներ

«Ժողովուրդ». Վտանգավոր զարգացումներ

88
0

Ժողովուրդ

Մինչ Հայաստանում տարբեր քաղաքական գործիչներ, քաղաքագետներ ու վերլուծաբաններ անթույլատրելի եւ վտանգավոր են համարում Լեռնային Ղարաբաղի եւ Ղրիմի միջեւ տարվող զուգահեռները, պաշտոնական Ստեփանակերտը հանդես է գալիս Ղրիմի հանրաքվեն ողջունող հայտարարություններով, իսկ երկրի նախագահն էլ մասնակցում է հատուկ Ղրիմի ինքնորոշման կապակցությամբ կազմակերպված տոնական համերգին: Ողջ աշխարհի կողմից որպես բռնակցում գնահատված Ղրիմի ինքնորոշման հանրաքվեի ողջունումը, բնականաբար,  բացասական  արձագանք է  ունենալու ԼՂՀ խնդրի ընկալման վրա: Արդյոք Ղարաբաղի իշխանությունները չեն գիտակցում նման պահվածքի հնարավոր քաղաքական հետեւանքները, եւ արդյոք դա համաձայնեցված է Հայաստանի իշխանությունների հետ:

Այս երկու հարցերի` ակնհայտ թվացող պատասխանները խիստ վտանգավոր զարգացումներ են ուրվագծում: Եվ եթե փորձենք  հավատալ, որ  Ղարաբաղը Ռուսաստանի կազմում տեսնելու Զորի Բալայանի հայտնի նամակը որեւէ առնչություն չուներ իրադարձությունների ներկայիս ընթացքի հետ եւ պարզ զուգադիպություն էր (ինչպես վստահեցնում է ԼՂՀ նախագահի խոսնակը), ապա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ոչ ֆորմալ խոսնակը համարվող Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունները` Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին, իրենց մեջ արդեն  շատ որոշակի ազդակներ են կրում:

Այս իրավիճակում մտահոգությունն է՛լ ավելի է խորացնում  այն իրողությունը, որ դեպի Մաքսային միություն սուրացող Հայաստանի իշխանություններն այդպես էլ Ղարաբաղի  հետ կապված որեւէ հստակ պայմանավորվածություն ձեռք չեն բերել: Ընդամենը  բանավոր համաձայնությամբ`   Ղարաբաղը պետք է մտնի Մաքսային միության կազմի մեջ` Հայաստանի հետ միասին: Սակայն շատ մեծ հարց է` արդյոք ուկրաինական վերջին իրադարձություններից հետո  դա այլեւս  հնարավոր կլինի անել նույնքան աննկատ եւ անխոչընդոտ: Ըստ ամենայնի` ոչ, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, առնվազն ՄՄ անդամներից մեկը` Ղազախստանը, որը մինչ այդ էլ լուրջ վերապահություն ուներ Ղարաբաղի մասով, ներկայումս շատ մեծ մտահոգություններ ունի սեփական տարածքային ամբողջականության  անխաթարության  երաշխիքների հետ կապված: Ասել է թե` ոչ միայն  միջազգային հանրությունը, այլեւ հենց նույն ՄՄ անդամները դժվար թե համակերպվեն տարածքային ամբողջականության սկզբունքի խախտման նոր դրսեւորման լեգիտիմացման հետ` ինչպիսին որ նրանք ընկալում են Ղարաբաղի հարցը:

Եվ ահա ընթացող զարգացումները կարծես թե միտում ունեն ձեւավորել այնպիսի իրավիճակ, երբ Ղարաբաղի համար լավագույն լուծումը կարող է դիտվել Ռուսաստանի  պրոտեկտորատի տակ հայտնվելը, եթե չասենք` ՌԴ կազմում ընդգրկվելը: Եվ որքան էլ ցավալի է, սակայն այս  պահին մտագարություն գնահատվող նման հեռանկարի իրականացման ազդակները կարծես թե հետզհետե ավելի առարկայական  են դառնում:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը