Անցել է շուրջ 3 ամիս, սակայն մինչ օրս Արցախի հերոս, ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ մահափորձի գործով նախաքննությունը շարունակվում է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վիտալի Բալասանյանը ասաց, որ սպասում է նախաքննության ավարտին, որից հետո կորոշի իր անելիքները:
Հիշեցնենք, որ 2013թ-ի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 21.10-ին, Վիտալի Բալասանյանի մեքենային ամրացված ինքնաշեն պայթուցիկը շրջադարձի վրա արգելակելու ժամանակ պոկվել եւ ընկել է՝ ձախողելով պլանավորված պայթյունը:
Որոշ ժամանակ անց այս գործի շրջանակներում երկու հոգի ձերբակալվեցին: Իսկ ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, թե կատարվածն անձնական թշնամանքի հետեւանք է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վիտալի Բալասանյանի եղբայր՝ Վաչիկ Բալասանյանն ասել էր, թե իրենք ձերբակալված անձանց հետ թշնամական հարաբերություններ չեն ունեցել, ավելին՝ կալանավորվածները ընտրությունների ընթացքում իրենց թիմակիցներն են եղել: Դեպքից անմիջապես հետո ոստիկանություն էր գնացել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ հանձնարարականներ տվել: Իսկ ավելի ուշ Բալասանյանը եւ Սահակյանը ոստիկանությունում պայմանավորվել էին հայտարարություն չանել՝ պահպանելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաեւ օգնելով բացահայտել կատարվածը:
Վիտալի Բալասանյանը պահել էր այս խոստումը, իսկ ահա ԼՂՀ դատախազության դեպքում ամեն ինչ այլ էր: Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվել էր, թե կասկածյալները Վիտալի Բալասանյանի հետ գտնվում են շարունակական վիճաբանությունների եւ անբարյացակամ հարաբերությունների մեջ: Որպես պատճառ, դատախազը նշել էր, որ Արցախի հերոսը խոստացել է կասկածյալներից մեկի եղբորն ազատել բանտից, սակայն խոստումը չէր կատարել:
Ավելի ուշ, Վիտալի Բալասանյանը վրդովված հայտարարություն էր տարածել, թե. «Այս ամենն իրականությանը չի համապատասխանում: Կասկածյալները ձերբակալվել են 2014թ. հունվարի 1-ին, որի մասին ես տեղեկացել եմ հեռուստատեսությունից, իսկ հաղորդագրությունն, ըստ իս, պատրաստ է եղել հունվարի 4-ին եւ հայտնվել դատախազության կայքում հունվարի 5-ին: Ժողովրդի մեջ իմ անձի վերաբերյալ տարբեր վարկաբեկիչ լուրեր են պտտվում, եւ ես չգիտեմ, թե ում կողմից են դրանք հրամցվում»:
Չուշացավ նաեւ ԼՂՀ դատախազության հայտարարությունը, որտեղ, մասնավորապես, ասել էին, թե իրենք ապահովել են դատախազության թափանցիկ գործելաոճը:
Դեպքից անցել է շուրջ 3 ամիս, սակայն այս գործով նախաքննությունը դեռեւս չի ավարտվել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանն ասաց, թե իրեն առայժմ ոչինչ հայտնի չէ եւ իրեն ոչինչ չեն հայտնում. «Սպասում եմ նախաքննությունը ավարտվի, երբ նյութերը ձեռքումս լինեն եւ ամեն ինչից տեղյակ լինեմ, նոր մեր անելիքները կանենք»:
-Պարոն Բալասանյան, Ձեր եւ դատախազության միջեւ պայմանավորվածությունը խախտվել էր, ինչը վրդովեցրել էր Ձեզ: Կատարվածից հետո ԼՂՀ դատախազությունը փորձեց Ձեզ հետ հանդիպել՝ պարզաբանելու համար, հանդիպեցի՞ք:
-Ոչ, ոչ մի հանդիպում չի եղել: Իրենք միայն հայտարարություն տարածեցին, թե օրենքի տառին են հետեւել: Իմ ոչ մի խոսքը չհերքեցին: Իսկ ես առայժմ սպասում եմ:
-Լավ, ի վերջո, կալանավորված տղաները կարո՞ղ էին Ձեր դեմ մահափորձ կազմակերպել:
-Ես չեմ ուզում հիմա եզրակացություններ անել, չի կարելի: Կարգը, օրենքը, իմ խոստումը պետք է պահեմ եւ օրենքի ուժով առաջնորդվեմ` վստահելով նախաքննական մարմնին: Հիմա, որ չեմ խոսում, օգնում եմ, չէ՞:
-Իսկ եթե ավելի վատ լինի՞:
-Չեմ կարծում, որ չխոսելուցս հետո կարող է կատարվածից ավելի վատ հետեւանքներ լինեն:
-Նկատենք, որ Դուք այս ընթացքում չխոսեցիք, եւ փոխարենը դատախազությունը հաղորդագրություն տարածեց, ինչը վրդովեցրեց Ձեզ: Իսկ Դուք շարունակո՞ւմ եք վստահել:
-Մինչեւ նյութերին չծանոթանամ, չեմ կարող ասել վստահում եմ, թե չէ: Բայց ախր ես ինքս ինձ չեմ վստահում, ոնց կարող եմ նման բան ասել:
-Այս երեք ամիսների ընթացքում, բացի ոստիկանությունում Ձեր եւ Բակո Սահակյանի հանդիպումից, այլ հանդիպում չի եղել Սահակյանի հետ:
-Առայսօր չեմ հանդիպել:
-Այսինքն՝ հույս ունեք, որ Ձեր դեմ կազմակերպված մահափորձի իրական կազմակերպիչները կբացահայտվե՞ն, թե՞ սա էլ կդասվի չբացահայտված մահափորձերի շարքին:
-Միանշանակ կբացահայտվի:
-Իսկ Դուք թշնամիներ ունե՞ք, որոնք Ձեր մահն են ցանկանում:
-Իմ միակ թշնամին Ադրբեջանն է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ <<Ժողովուրդ>> օրաթերթ