տուն Լուրեր «Ժողովուրդ». Սպանվածի հարազատները պատիվ են պահանջում

«Ժողովուրդ». Սպանվածի հարազատները պատիվ են պահանջում

79
0

Ժողովուրդ

Փետրվարի 26-ին Գյումրիում ամուսնու կողմից սպանված կնոջ հարազատները չեն լռելու եւ պատիվ են պահանջելու  բոլորից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանված Լիանա Մանուկյանի քույրը` Լյուդմիլա Մանուկյանը, պատմեց, որ ամուսինների վեճի պատճառը խանդը չէ:

Մինչ ամուսինների միջեւ առաջացած վեճի հիմնական պատճառին անդրադառնալը՝ նշենք, որ  կնոջը սպանած Գրիգորը հայտարարել էր, թե զղջացել է իր արարքի համար եւ պետք է զոքանչին սպանած լիներ, քանի որ կատարվածը նրա մեղքն է: Ավելին, ըստ Գրիգորի՝ նա Լիանային նախկինում դավաճանության համար դուրս է հանել տանից, իսկ ավելի ուշ հաշտվել եւ շարունակել են  համատեղ ապրել: Գրիգորի խոսքով` կնոջը սպանելու հիմնական պատճառը իր խանդն է եղել:

Նշենք, որ Գրիգորը Լիանային հարվածել էր խոհանոցային դանակով, ով  հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր: Նրանք ունեին մեկ որդի` 6-ամյա Արման Գրիգորյանը:

Սպանված  Լիանայի քույրը՝ Լյուդմիլան, պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 22:30-ի սահմաններում: «Տանը եղել է քույրս, Գրիգորը, նրանց որդին ու հորեղբորս աղջիկը՝ Թերմինան: Գրիգորը, երբ խմած տուն էր գնում, քույրս խոսում էր վրան: Այդ օրը նա էլի խմած է եղել, իսկ քույրս սկսել է շատ զայրանալ: Գրիգորը սկսել է նրա տնազն անել, քույրս ասել  է, թե մի արա: Քրոջս հոգուն այնքան է հասել, որ ասել է, թե ավելի լավ է մեռնեմ, քան քեզ հետ ապրեմ: Այդտեղից սկսել են վիճել, ու Գրիգորը դանակով հարվածել է: Հորեղբորս աղջիկը հարցրել է՝ Գրիգոր, հարվածեցի՞ր: Նա էլ  ասել է,  թե չէ, բայց երբ Թերմինան մոտեցել,  տեսել է արյան հետքերը, վախից վերցրել է քրոջս որդուն` Արմանին, ու տանից փախել է: Իսկ դանակահարված քույրն արնաշաղախ այնքան է մնացել հատակին ընկած, մինչեւ իր եղբայրն ու մայրը հասել են դեպքի վայր եւ մեքենայով տեղափոխել են հիվանդանոց»,- նկարագրեց Լյուդմիլան, ում դեպքի մանրամասները պատմել է ականատես հորեղբոր աղջիկը՝ Թերմինան:

Լյուդմիլայի պատմելով, վախից տանից դուրս փախած Թերմինան հարեւաններին խնդրել է զանգահարել շտապօգնություն, սակայն ոչ ոք չի օգնել: Նա մի կերպ կարողացել է հեռախոս գտնել ու զանգահարել Լիանայի հարազատներին՝ տեղեկացնելով կատարվածի մասին:

«Գրիգորը խմիչքի հետ չափից շատ սեր ուներ: Ախր մինչ այս դեպքը մի օր գարեջրի շշով հարվածել էր քրոջս գլխին: Քրոջս քիթը կոտրվել էր, ատամները թափվել էին: 9 տարի շարունակ քույրս կյանքի գնով ապրել է նրա հետ: Բայց այդքանից հետո նա հայտարարել էր, թե քույրս անբարոյական է կամ «Odnoklassniki.ru » ցանցով խոսում է ինչ-որ մեկի հետ:  Վերջը քննություն է գնում, ամեն ինչ կպարզվի ու բոլորն էլ կիմանան, թե ինչ օրի մեջ է ապրել իմ քույրը  եւ ով է Գրիգորը, նրա անբարոյական ընտանիքը: Այն համակարգիչը, որ երեւում է  լուսանկարներում, անգամ իմ քրոջ համակարգիչը չէ, նա համակարգչից օգտվել է միայն դիզայներական նորություններ նայելու համար, քանի որ ընտանիքն ապրում էր քրոջս դիզայնով պատրաստած իրերի վաճառքի շնորհիվ: Կրկնում եմ՝ վարկաբեկողները պատասխան կտան, երբ քննությունը ամեն ինչ պարզի»:

Մեր զրուցակցի ներկայացմամբ` Գրիգորի հարազատները նույնիսկ եկել են իր քրոջ հոգեհանգստին եւ ասել. «Երանի Լիանայի փոխարեն, Գրիգոր, քո վրա լաց լինեինք: Քրոջս  տղան դեպքից հետո չի խոսում: Ինչ հարց տալիս ենք, չի պատասխանում: Հիվանդանոց էինք տարել: Բժիշկների հարցերին միայն պատասխանում էր, թե պապաս մամայիս խփեց ու մամաս մահացավ: Մեզ խորհուրդ են տվել երեխային պահենք հոգեբանի հսկողության տակ»:

Ինչպես պարզեցինք Լյուդմիլայից` Գրիգորի մայրն ապրում է Ռուսաստանում: Իսկ հայրը գտնվում է ՌԴ բանտում՝ սպանության մեղադրանքով (նրան 20 տարվա ազատազրկման պատիժ է նշանակվել):

Ինչեւէ, «Ժողովուրդ»-ին հաջողվեց զրուցել Գրիգորի քրոջ՝ Քրիստինա Գրիգորյանի հետ, ով ասաց, թե իր հարսի հետ լավ հարաբերությունների մեջ է եղել. «Ես չեմ արդարացնում իմ եղբոր արարքը, բայց Լիանան նրան հասցրեց այս վիճակին: Եղբայրս հանուն երեխայի էր ապրում նրա հետ: Ախր շատ անհաշտ էին: Ինչ ասեմ: Գիտեմ, որ ինչ-որ մեկի հետ տեսել է «Odnoklassniki.ru»-ում խոսելուց ու դա է եղել է այս ամենի պատճառը, իսկ Լիանայի մասին միայն մի բան կասեմ՝ շատ լեզվանի էր»:

Նշենք, որ դեպքի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանության) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

 

Քնար Մանուկյան  «Ժողովուրդ» օրաթերթը