տուն Լուրեր «Ժողովուրդ». ՊԵԿ-ը վարչապետի և Սերժ Սարգսյանի դե՞մ

«Ժողովուրդ». ՊԵԿ-ը վարչապետի և Սերժ Սարգսյանի դե՞մ

106
0

Ժողովուրդ

Պետական եկամուտների կոմիտեն վերջին օրերին «ընկել է հիմնադրամների հետեւից»: Մասնավորապես Գագիկ Խաչատրյանի ղեկավարած Պետեկամուտների կոմիտեն տուգանել է ոչ ավել ոչ պակաս ՀՀ կառավարության ու Սերժ Սարգսյանի նախագահությամբ գործող հիմնադրամներին:

Գագիկ Խաչատրյանը բացի մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին հետեւողականորեն «սնանկացնելուց», նաեւ որոշել է «բալանսը պահելու համար» սիմվոլիկ տուգանքների ենթարկել հիմնադրամներին:

Բանը հասավ դիվանբաշուն

Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մարտի 12-ին «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամը, որը հովանավորվում է ՀՀ կառավարության կողմից, տուգանքի է ենթարկվել: Բանն այն է, որ հիմնադրամի լիազորված անձ, փոխտնօրեն Վարդուհի Սարգսյանը փետրվարի 19-ին Հայաստան է ներմուծել 10 կգ էլեկտրական միացուցիչներ: Ներմուծած այդ իրերը փետրվարի 21-ին տեղափոխել է իրենց պատկանող տարածք, սակայն սահմանված ժամկետում հայտարարագիր չի ներկայացրել: Այս արարքի համար «Հայաստանի Շախմատի ակադեմիա» հիմնադրամի փօխտնօրեն Վարդուհի Սարգսյանը տուգանվել է 50.000 դրամով:

«Ժողովուրդ»-ը փորձեց Վարդուհի Սարգսյանից պարզել. ինչո՞ւ ժամանակին հայտարարագիրը չի ներկայացվել, որի համար տուգանք է նշանակվել: Վ. Սարգսյանը հաստատեց տեղեկությունը, որ իրեն տուգանել են, ապա հավելեց, որ հիմնադրամն արդեն վճարել է Պետական եկամուտների կոմիտեի տուգանքը: Ի դեպ «Հայաստանի Շախմատի ակադեմիա» հիմնադրամի տնօրենը Երեւանի ավագանու անդամ է: Նա զբաղեցնում էր Հանրապետական կուսակցության ընտրացուցակի երկրորդ համարը:

Սա դեռ վերջը չէ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորության տակ գտնվող հիմնադրամին տուգանելուց մեկ օր անց էլ Գագիկ Խաչատրյանը որոշել է պատժել Հայաստանի համահայկական հիմնադրամին: Այս իրողությունը հետաքրքիր է այնքանով, որ այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է: Նշենք, որ հիմնադրամը ստեղծվել է 1992թ.-ին, որի նպատակն է Հայաստանի եւ Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումը` համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով: Եվ այս նպատակն իրագործելու համար հիմնադրամը 1996թ.-ից ի վեր իրականացնում է տարատեսակ միջոցառումներ` հեռախոսամարաթոններ:

Տեղեկացնենք, որ անցյալ՝ 2013 թ. հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված 22 միլիոն 661 հազար 372 ԱՄՆ դոլար գումարն ուղղվել է Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցմանը:

Պակաս ուշագրավ չէ նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ցանկը. Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, ՆՍՕՏՏ Գարեգին երկրորդ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյան, ինչպես նաեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան:

Ինչո՞ւ տուգանեցին

Սերժ Սարգսյանին

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ փետրվարի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը թույլ  է տվել մաքսային կանոնների խախտում: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Վարդանյանը Այրումի մաքսային կետով ՀՀ է ներմուծել ֆուտբոլի փչովի կաշվե գնդակներ, որի վերաբերյալ ընկերության տնօրեն Արա Վարդանյանը սահմանված ժամանակում այդպես էլ հայտարարագիր չի ներկայացրել: Արդյունքում հիմնադրամի տնօրենը Գագիկ Խաչատրյանի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության` տուգանվելով 50.000 դրամով:

Այլ տուգանք չկա՞

Հետաքրքիր է՝ Պետական եկամուտների կոմիտեն բացի 50.000 դրամի չափով տուգանքից, հայտնի հրմնադրամներին կամ նախարարություններին պատասխանատվության ենթարկելու առավել խիստ սահմանված տուգանքներ չունի՞, թե՞ պարզապես չի համարձակվում առավել խիստ պատժաչափ սահմանել: Բայց, թերեւս, հավանականը երրորդ վարկածն է՝ Գագիկ Խաչատրյանը ազնիվ գործունեության պատրանք է ստեղծում:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը