«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գյումրեցիները մտավախություն ունեն, որ Արտյոմ Կարապետյանի՝ Շեկոյի մահվան դեպքով մեղադրյալ Վարդան Ղուկասյանի եղբորորդու գործով նշանակված նոր դատավորը եւս կարող է ինքնաբացարկ հայտնել: Ըստ գյումրեցիների՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «իրենով» է արել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը եւ դատավորներին, ուստի վերջիններս, որեւէ պատճառ բռնելով, հրաժարվում են քննել նրա եղբորորդու գործը: Այս գործը մակագրվել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Մովսեսյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ էր հայտնել՝ նշելով, թե Քավոր Հարութն իր հարեւանն է: Իսկ ահա նորանշանակ դատավոր Աշոտ Մանուկյանը, մինչեւ գործը չուսումնասիրի, չի կարող ասել, թե ինչ քայլի կգնա. «Գյումրիում ով ում ծանոթ չէ, բոլորն էլ ծանոթ են իրար, բայց նախ պետք է ծանոթանամ գործի նյութերին, դա բազմահատոր գործ է»: «Ժողովուրդ»-հարցին, թե Գյումրու նախկին քաղաքապետն իսկապես «իրենով» է արել դատավորներին, արդյոք ինքն էլ կհայտնվի ինքնաբացարկ հայտնող դատավորների շարքում, Ա. Մանուկյանը պատասխանեց. «Ես այն դատավորներից չեմ, դատավորները չեն վախենում, եւ, առհասարակ, կաշկանդվելու որեւէ խնդիր չկա»:
Հիշեցնենք, 2013թ. ապրիլի 23-ին Գյումրիում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով հիվանդանոցում Շեկոն մահացել էր: Ավելի ուշ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ հանցագործությունը ինքն է կատարել: Նշենք, որ Քավոր Հարութը եւ Շեկոն նախկինում խնդիրներ են ունեցել Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:
Գրում է <<Ժողովուրդ>> օրաթերթը