«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարարության անգործունեության հետեւանքով Լոռու մարզի անտառների ապօրինի հատման դեպքերի առնչությամբ մի նոր քրեական գործ է հարուցվել: Քրեական գործի առկայության մասին տեղեկությունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեցին նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունից:
Եվ այսպես, երեկ «Ժողովուրդ»-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին` խնդրելով պատասխանել, թե որքանով են հավաստի մեզ հասած տեղեկությունները, որ Լոռու մարզում ապօրինի անտառհատումների առթիվ հարուցվել է քրեական գործ ու այդ շրջանակներում արդեն հարցաքննվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներ: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, չի բացառվում` Բնապահպանության նախարարության որոշ աշխատակիցների նկատմամբ մեղադրանք առաջադրվի:
Ի պատասխան մեր հարցման, Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանն ասաց, որ Լոռու մարզում անտառների ապօրինի հատման ոչ թե մեկ, այլ մի քանի դեպքեր են եղել եւ այդ առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.Օր. 296 հոդվածի (Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով) եւ 308 հոդվածի հատկանիշով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն էական վնաս է պատճառել… պատժվում է առավելագույնը հինգ տարի ժամկետով): Կատարվում է նախաքննություն:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին Բնապահպանության նախարարության Լոռու մարզի մի շարք աշխատակիցներ պարբերաբար հրավիրվում են ոստիկանություն՝ հարցաքննության, եւ չի բացառվում, որ նրանցից մի քանիսի նկատմամբ առաջադրվի մեղադրանք` պաշտոնական անփութության համար:
Մանրամասնները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում