տուն Լուրեր «Ժողովուրդ». Մի վնասիր

«Ժողովուրդ». Մի վնասիր

114
0

Ժողովուրդ

Մարտի 16-ին Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվե անցկացնելու` Ղրիմի գերագույն խորհրդի  որոշումից հետո Հայաստանում բազմաթիվ վերլուծաբաններ սկսեցին գնահատել այդ գործընթացի  հնարավոր ազդեցությունը  Ղարաբաղի հարցի կարգավորման վրա` նկատի առնելով այն հանգամանքը, որ 1988թ. փետրվարի 20- ին ԼՂԻՄ Գերագույն խորհուրդը   գրեթե նույն ընթացակարգով սկսեց Ադրբեջանից անկախացման գործընթացը: Ու թեեւ «ռեալ-պոլիտիկի» տեսանկյունից    միանգամայն անշնորհակալ գործ է առկա հակամարտությունների դեպքում զուգահեռների անցկացումն ու նախադեպերը որպես փաստարկ ներկայացնելը, այդուհանդերձ`  ակնհայտ է մեկ բան. Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձությունները, այսպես թե այնպես, որոշակի ազդեցություն ունենալու են Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի  վրա: Հենց թեկուզ այնքանով`  որ ԵԱՀԿ Մինսկի խմբում  համանախագահող երեք գերտերությունները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը Ղրիմի հարցով ներկայումս գտնվում են գերլարված հարաբերությունների մեջ:  Հետեւաբար` այս փուլում Հայաստանի իշխանությունները պարտավոր են լինել գերզգույշ Ուկրաինայի վերաբերյալ իրենց գնահատականներում, ինչը եւ, հանուն արդարության, պետք է նշել՝  նրանց առայժմ հաջողվում է անել:

Փոխարենը անհասկանալի վարքագիծ են որդեգրել որոշ ընդդիմադիր գործիչներ եւ գրանտային գործունեություն ծավալող  փորձագիտական շրջանակներ, որոնք օրումեջ տարբեր ֆորմատներով կոկորդ են պատռում` բոլորի աչքը մտցնելով այն, որ Հայաստանի իշխանությունները  գրառում չեն կատարել Ուկրաինայի դեսպանատան սգո մատյանում, կամ էլ`  հանդես չեն եկել Ռուսաստանին դատապարտող հայտարարությամբ:

Առհասարակ` թե՛ ռուս -վրացական 2008թ. պատերազմի օրերին, եւ թե՛ հիմա ՀՀ իշխանությունների կողմից չեզոքության պահպանումը միակ խելամիտ  դիրքորոշումն է, որը նրանց, վստահաբար ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա` հեշտորեն չի  հաջողվել: Բնականաբար` այս օրերին Հայաստանի վրա տարբեր խողովակներով ճնշումներ են գործադրվում թե՛ մեկ, թե մյուս կողմից, իսկ վերը նշված գրանտակերներն իրենց աղեկտուր հայտարարություններով  է՛լ ավելի են բարդացնում իրավիճակը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի եւ Ղրիմի միջեւ զուգահեռներ անցկացնելու անթույլատրելիության մասին մի խումբ «արեւմտամետների»՝ երեկվա հայտարարությանը, ապա նրանց այդ մտահոգությունը միանգամայն տեղին է. իրոք, չի կարելի Ղարաբաղի անկախացման  գործընթացը համեմատել Ղրիմում ծավալվող  զարգացումների  հետ, բայց եւ նույնչափ տեղին չէ Ղրիմի գերագույն խորհրդի ընդունած որոշումն ապօրինի, իսկ առաջիկա հանրաքվեն խեղկատակություն  որակելը:  Սա այն դեպքն է, երբ յուրաքանչյուր հայտարարություն անելուց  պետք է առաջնորդվել` «մի վնասիր» սկզբունքով:

Հ. Գ. Այսօր Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը