տուն Լուրեր «Ժողովուրդ». Ճնշումը կուժեղանա

«Ժողովուրդ». Ճնշումը կուժեղանա

73
0

Ժողովուրդ

Մարտի 19-ին կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցից հետո,  որի ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, Ս. Սարգսյանը հայտարարել էր, թե Ղրիմի հանրաքվեն «հանդիսանում է ազատ  կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը», Ուկրաինայի Ռադայում հնչեցին կոչեր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու եւ մեր երկրում Ուկրաինայի  դեսպանին հետ կանչելու մասին: Զուգահեռաբար` եվրոպական տարբեր  երկրների դիվանագիտական խողովակներով բացասական ազդակներ փոխանցվեցին ինչպես Հայաստանի` օտար լիգայում խաղալու, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման  հեռանկարի հետ կապված: Փոխարենը, սակայն, Ռուսաստանին անվերապահ նվիրվածության  այս վերջին հրապարակային դրսեւորումից հետո Սերժ Սարգսյանը առավել վստահ տոնով հայտարարեց, թե Հայաստանի անվտանգության մակարդակը երբեք այսքան բարձր չի եղել:

Երեկ, սակայն, Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը «Ազատության»-ն ասել է, թե Հայաստանի իշխանություններն իրեն տեղեկացրել են, որ  Պուտին-Սարգսյան հեռախոսազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը  միայն ճանաչել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, եւ ոչ թե Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին: Դեսպանը,  չողջունելով հանդերձ Ղրիմի մասով ինքնորոշման իրավունքի հետ կապված Ս. Սարգսյանի հայտարարությունը, այդուհանդերձ, նշել է, որ դա ընկալելի կարելի է համարել` հաշվի առնելով Ղարաբաղի հարցը:  Սակայն այդպիսով` Գերմանիայի դեսպանը, փաստորեն, բացահայտել է ՀՀ իշխանությունների վարած երկակի խաղը: Իհարկե,  այս դեպքում նման դիվանագիտական «մանեւրները» միայն ողջունելի են, քանի որ Հայաստանի շահերից է բխում չեզոքության պահպանումը` բնականաբար ոչ ի հաշիվ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման: Այստեղ, սակայն, խնդիրն այն է, որ դա արվել է բավականին «կացնային ձեւով», ինչի արդյունքում, պաշտոնական Երեւանի  վրա առաջիկայում կուժեղանա ռուսական կողմի ճնշումը` առավել հստակ դիրքորոշում հայտնելու պահանջով:

Եվ որքան էլ Սերժ Սարգսյանը հայտարարի, թե «մենք ունենք մի որակ, մի հատկանիշ` մենք չենք փորձում որեւէ մեկին խաբել կամ մոլորեցնել, մենք ասում ենք` սա է մեր շահը», ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում թե՛ Արեւմուտքին, եւ թե՛ Ռուսաստանին հնարավորինս դիվանագիտորեն մոլորեցնելուց բացի Սերժ Սարգսյանն այլ ճանապարհ չունի: Այլ բան է, որ ինչպես նա ինքն է նշել, նման գործիչները քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունենում:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը