ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ հայտարարել է, թե «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը վճարելու համար կառավարությունը վարկ է վերցնում` չմանրամասնելով, թե վարկը ինչ աղբյուրներից եւ ինչպիսի տոկոսադրույքներով է հատկացվում: Ու թեեւ նախարարը վստահեցրել է, որ վարկերը վերցվում են առանց բյուջետային երաշխիքների, այնուամենայնիվ` ինքնին փաստը, որ մի խումբ մարդկանց կողմից թալանված արդյունաբերական հսկայի շուրջ 2500 աշխատակիցների աշխատավարձերի վճարման համար կառավարությունը ստիպված մտնում է նոր վարկերի տակ, արդեն իսկ արտառոց է:
Ինչպես հայտնի է, «Նաիրիտ»-ն ունի շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք, որից` շուրջ 100 միլիոնը ԱՊՀ միջպետական բանկից վերցված վարկի գումարն է, ինչպես նաեւ մոտ 25 միլիոնը` որպես օֆշորային Rhinoville Property Limited-ի (որին պատկանում է «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը) երաշխավոր: Գործարանը հայտնվել է մի քանի դատական գործընթացներում, որոնցից վերը նշված վարկատու աղբյուրին 2014թ. հունվարի 22-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանում պարտվել է: Իսկ ահա իրանական SandbadTir INTL Transport Co.LTD ընկերության` «Նաիրիտ»-ը սնանկ ճանաչելու պահանջով հայցը Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է:
Այս ընթացքում, անգամ պարապուրդի մեջ գտնվելով` «Նաիրիտ»-ի օրական ծախսերը կազմել են 30 միլիոն դրամ, կամ` 70 հազար ԱՄՆ դոլար, իսկ աշխատակիցներին վճարելու համար օրական կուտակվող պարտքը` 3 միլիոն դրամ: Բայց սա ամենեւին չի խանգարել, որ անցած տարիների ընթացքում «Նաիրիտ»-ի վրա իրենց ձեռքերը տաքացնեն եւ գրպանները հաստացնեն մի խումբ պաշտոնյաներ: Իսկ գործարանի ղեկավարությունն էլ, այդ թվում եւ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը, ստանան աստղաբաշխական` մի քանի միլիոն դրամի աշխատավարձեր` չաշխատող գործարանը կառավարելու համար:
Սակայն, քանի որ ամեն բան ունի իր սկիզբն ու վերջը, կառավարությունում որոշեցին ամեն գնով վաճառել «Նաիրիտ»-ը, քանի դեռ այն վերջնականապես չի քայքայվել: Ավելի քան մեկ տարի է` այդ նպատակով բանակցություններ են վարվում «Ռոսնեֆտի» հետ` փորձելով գործարանը վաճառել պարտքերի հետ միասին: Սակայն քանի որ ռուսական ընկերությունը ոչ մի կերպ չի համաձայնվում այդ տարբերակին, կառավարությունում, փաստորեն, որոշել են գոնե աշխատակիցների պարտքերը մարել նոր վարկեր վերցնելու ճանապարհով: Այս կառավարությունը, փաստորեն, փորձում է նույն կերպ վերաբերվել նաեւ ՀՀ շարքային քաղաքացիներին` իրենց եղբայրների, մերձավորների եւ կլանի ներկայացուցիչների վայրի թալանի հետեւանքների համար ստիպելով վճարել մեզ բոլորիս:
Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը