Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով «գազի հարցով» հանձնաժողով ստեղծելու իշխանական նախաձեռնությանը, ասել է. «Ամենակարեւոր հարցը, որ փորձում ենք այստեղ լուծել, այն է` արդյոք մենք ճշմարտության թաղման հանձնաժողով ենք ստեղծում, թե բացահայտման: Այն, ինչով դուք զբաղվում եք` ես նկատի ունեմ Հանրապետական մեծամասնությանը, դա ըստ էության այնպիսի հանձնաժողովի ստեղծումն է, որը զբաղված կլինի ճշմարտության թաղումով»:
Դժվար է չհամաձայնել Զուրաբյանի այս գնահատականի հետ. ընդ որում` ոչ միայն կոնկրետ այս հանձնաժողովի լիազորությունների մասով ՀՀԿ-ականների առաջարկը հաշվի առնելով (հանձնաժողովը չի ստուգելու «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը ռուսներին փոխանցելու պայմանագիրը), այլեւ նույն Զուրաբյանի կողմից մեջբերված այն հայտնի իրողությունից ելնելով, որ «հանձնաժողովները ստեղծվում են այն նպատակով, որ պրոբլեմը թաղվի» (թեեւ Վ. Լենինը փոքր-ինչ այլ կերպ էր այդ միտքը ձեւակերպել):
Եվ ուրեմն` եթե պարոն Զուրաբյանը կասկածի տակ է դնում գազի հարցով հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը` նկատի առնելով առհասարակ խնդիրը հանձնաժողովների միջոցով լուծելու մեխանիզմը, այդ դեպքում ո՞րն է երաշխիքը, որ արդյունավետ կլինի մեկ այլ` մարտի 1-ի գործով նոր ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը: Մանավանդ որ այն քննելու է վեցամյա վաղեմության դեպքեր, որոնք մեկ անգամ արդեն իսկ քննվել են մարտի 1-ի գործով Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի կողմից եւ բարեհաջող կերպով «թաղվել»: Ո՞րն է երաշխիքը, որ այս անգամ ճշմարտությունն ի հայտ կգա, առավել եւս, որ ստեղծվելիք հանձնաժողովում չի լինելու փաստահավաք խումբ, եւ դատելով Գագիկ Ջհանգիրյանի երեկվա ելույթից՝ հանձնաժողովն ավելի շատ գնահատելու է նախաքննության մարմինների եւ գլխավոր դատախազության կատարած գործողություններն ու կայացրած որոշումները:
Եվ ընդհանրապես` եթե մարտի 1-ի գործով նոր հանձնաժողովի նպատակը քննչական մարմինների գործունեության վերահսկումն էր, ապա ո՞րն էր պատճառը, որ նույն Գ. Ջհանգիրյանը տեղի տվեց ՀՀԿ-ականների` քաղաքական շահարկումներից զերծ մնալու հորդորներին եւ 2012-ի տարեվերջին համաձայնեց հանձնաժողովի ստեղծման հարցը հետաձգել մինչեւ 2013-ի նախագահական ընտրությունների ավարտը: Ի՞նչ կապ ուներ քննչական մարմնի գործունեության թերացումը նախագահի թեկնածուների հետ: Եվ կամ` եթե կապ ուներ, եթե այդ թերացումը, ավելի ճիշտ` կոծկումը, եղել էր նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի անմիջական հրահանգով, արդյո՞ք ընդդիմության սուրբ պարտքը չպետք է լիներ այդ մասին բարձրաձայնելով թույլ չտալ նրա վերընտրությունը:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանն Ազգային ժողովում կարծես թե հայտնի է բոլորին, պարզապես բոլորն այս փուլում միասնաբար լռում են` յուրաքանչյուրն իր «թաղելիքի» հաշվարկներից ելնելով:
Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը