տուն Լուրեր «Ժողովուրդ». Դանակը հասել է ոսկորին

«Ժողովուրդ». Դանակը հասել է ոսկորին

99
0

Ժողովուրդ

Երեկ armlur.am-ին տեղեկություններ էին հասել, թե վարդենիսցիները հավաքվել են Վարդենիս քաղաք մտնող ավտոճանապարհի մոտ՝ փակելու այն: Դեպի Քարվաճառ տանող ռազմավարական նշանակություն ունեցող ավտոճանապարհի երթեւեկությունը կաթվածահար անելու քայլը, մարդկանց գնահատմամբ, վաղուց է հասունացել: Մարդիկ բողոքել են քաղաքի ոստիկանապետ Վալերի Բաղյանից. նա վերջերս է նշանակվել այդ պաշտոնում եւ արդեն հասցրել է բռնություններ գործադրել շատերի նկատմամբ: Բողոքավորներին հատկապես զայրացրել է այն փաստը, որ Բաղյանն անհիմն կերպով բերման է ենթարկել քաղաքացիներին եւ նշանակման առաջին օրերից գրեթե բոլորի տներում (անգամ կրկնակի խուզարկությունների ճանապարհով) ոսկու հանքաքար է փնտրել:

Նշենք, որ Սոթքի ոսկու հանքից հանքաքար գողանալն աշխատատեղ չունեցող քաղաքի բնակչության հիմնական ապրուստի միջոցն է: Նոր ոստիկանապետն էլ որոշել է «կարգ ու կանոն» հաստատել` արդեն տասնյակ տարիներ ավանդույթ դարձած ապրելակերպը փոխելով: «Մենք գիտենք, որ մեր գյուղացիք վատ բան են անում` հանքից ոսկի հանելով: Բայց ի՞նչ անեն, ճար չունեն, ո՞նց ապրեն: Էս միլպետն էլ դրել` բոլորին տեռորի է ենթարկում. մարդ կա` տունն արդեն երրորդ անգամ են խուզարկում գազան-վայրենու նման: Էրեխեքը միլիցու ավտո տեսնելիս չորանում են վախից: Սենց ապրել չի լինի: Մարդկանց էլ տանում վախացնում են, թե չբողոքեք, ձեն չհանեք։ Սենց ո՞նց կլնի»- դժգոհել էր հավաքված քաղաքացիներից մեկը:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը