Ինչպես հայտնի է` Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները երկարամյա իշխանավարման ընթացքում ձեռք են բերել որոշակի հռետորական հմտություններ: Դրանք թույլ են տալիս այս կամ այն հարցի շուրջ երկարուբարակ ելույթներ ունենալ, որոնց թվացյալ խելացիության ներքո, սակայն, բացակայում է բովանդակությունը: Ասել է թե` կարկառուն ՀՀԿ-ականները դարձել են Չերչիլի չափորոշիչներով իսկական քաղաքական գործիչներ, քանի որ խոսում են` թաքցնելու համար իրենց մտքերը:
Այս գործընթացը, չնչին բացառություններով, կրկնվում է նաեւ Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ ընդդիմադիր գործիչների բարձրացրած շատ կոնկրետ հարցերին կառավարության անդամները փորձում են պատասխանել հնարավորինս ոչինչ չասող եւ լղոզված ձեւակերպումներով: Սակայն ինչպես երեկ պարզ դարձավ, հարցեր կան, որոնց դեպքում անգամ Նիկոլ Փաշինյանի ձեւակերպմամբ` «կռուտիտի ժանրում» հմտացած կառավարության անդամները ասելիք չեն գտնում:
Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը երեկ բարձրացրեց Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի հետ կապված «Ժողվուրդ» օրաթերթի լրագրողական հետաքննության բացահայտած աղաղակող ապօրինությունների մասին հարցը: Մասնավորապես այն, որ Որոտանի ՀԷԿ-ի գործարքով վաճառվել են նաեւ Սպանդարյանի եւ Տոլորսի ջրամբարները, որոնք «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով համարվում են պետական հատուկ նշանակության ջրային համակարգի մաս, նույն օրենքի 11-րդ հոդվածով պետական սեփականություն են եւ ենթակա չեն մասնավորեցման: «Այս օրենքներն այնքան հստակ են, ու այնքան ակնհայտ է ձեր կողմից օրենքների շրջանցումը, որ դուք պետական նշանակության, ռազմավարական, ամբարված ջրամբարները ձեւակերպել եք որպես գույք, տվել եք մասնավոր կազմակերպությանը, որն էլ այն վաճառքի է հանել որպես գույք: Ընդ որում, նույն գործընթացը կրկնել եք Ձորագետի հետ կապված: Հարց` ով է պատասխան տալու օրենքների խախտման համար»:
Պատգամավորի այս կոնկրետ հարցադրմանը, սակայն, կառավարությունը պատասխան չուներ: Այն աստիճան, որ անգամ որեւէ մեկը չհամարձակվեց մոտենալ ամբիոնին եւ արդյունքում՝ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց հարցը գրավոր ուղղել` գրավոր պատասխանի համար:
Բնականաբար` կառավարությունում երկար պիտի ջանան, գործի պիտի դնեն արդեն «կռուտիտի գրավոր ժանրի» բոլոր հմտությունները, սակայն ինչ էլ անեն` դժվար է լինելու կոծկել ռազմավարական նշանակության ջրային համակարգը մասնավորեցնելու աղաղակող, ակնհայտ ապօրինությունը, եթե չօգտագործենք` հանցագործություն բառը:
Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթն իհարկե ուրախ է, որ մեր հետաքննության արդյունքում ի հայտ եկած օրենքի խախտումների մասին հարցը հնչեցվեց Ազգային ժողովում: Սակայն կարծում ենք, որ լավ կլիներ, եթե Արամ Մանուկյանը հարցը բարձրացնելիս առավել ազնիվ գտնվեր եւ նշեր իր հարցի սկզբնաղբյուրի` «Ժողովուրդ» օրաթերթի անունը:
Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը