Երեկ ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, խոստացվածի համաձայն, ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին «հարցախեղդ» արեց՝ հետաքրքրվելով. «Ի՞նչ է կատարվում կրթության համակարգի հետ, իմ տպավորությամբ, դուք կրթության համակարգում ձեւավորել եք հանրապետական խմբակներ եւ քրեակատարողական հիմնարկների օրինակով այդ խմբերին գործադրում եք բուհերը ձեր վերահսկողության տակ պահելու համար»: Այս հարցուպատասխանն առավել հեռու գնաց: Նախարար Աշոտյանը ոչ միայն հիշեցրեց, որ կրթության համակարգը Հայաստանում ավելի քան ապաքաղաքականացված է եւ ուսխորհուրդն էլ ներողություն է խնդրել լրագրողներից, որոնց վիրավորել է, այլեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի կրթական մակարդակը քննարկման առարկա սարքեց. «Ամենաքաղաքականացված ուսանողը, ձեր խմբակցության անդամ հարգելի տիկին Լյուդմիլա Սարգսյանն է, ամենաընդդիմադիր խմբակցություններից մեկի միակ կին պատգամավորն է»: Հավելենք, որ Լյուդմիլա Սարգսյանը 2011-ին ընդունվել է Հյուսիսային համալսարան եւ մինչ օրս սովորում է «Ինֆորմատիկայի» բաժնում: Մինչ այդ նա ուներ միջին մասնագիտական կրթություն:
Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը