տուն Լուրեր «Ժողովուրդ». Անասելիք

«Ժողովուրդ». Անասելիք

64
0

Ժողովուրդ

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է  Իռլանդիա՝ մասնակցելու Դուբլինում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին: Ըստ նախագահականի տարածած հաղորդագրության՝ Սարգսյանը հանդես է գալու ելույթով:

Նշենք, որ սա սեպտեմբերի 3-ից հետո   Սերժ Սարգսյանի երրորդ հրապարակային ելույթը կլինի Եվրոպական ամբիոններից։ Առաջինը հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ  լիագումար նիստում էր, երբ  կազինոների հետ կապված Զարուհի Փոստանջյանի հայտնի հարցը ստվերեց Սարգսյանի բուն ելույթի բովանդակությունը: Երկրորդը՝ նոյեմբերի 29-ին Վիլնյուսի գագաթաժողովում էր, երբ Ս. Սարգսյանը հանդես եկավ ոչինչ չասող դեկլարատիվ հայտարարություններով եւ  նրա ելույթի վրա որեւէ մեկը  ուշադրություն չդարձրեց, քանի որ այդ օրը Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրող  Վրաստանի ու Մոլդովայի ղեկավարների ելույթներն առավել կարեւոր էին:  Իսկ ահա այսօր  արդեն Սերժ Սարգսյանի ելույթը կարող է կարեւորվել՝ հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ծավալվող իրավիճակը եւ Հայաստանի՝ Ռուսաստանից ունեցած կախվածության  մեծացումը:

Թե ինչի մասին է խոսելու Սարգսյանը՝ դժվար չէ ենթադրել: Ըստ ամենայնի` կլինեն հերթական «լոլոները» Հայաստանի` եվրոպական արժեհամակարգի եւ եվրաինտեգրացումը  շարունակելու պատրաստակամության մասին:  Սակայն արդյոք ստեղծված իրավիճակում եվրոպացիների համար դա բավարար կլինի, եւ Սերժ Սարգսյանը չի արժանանա  ԵԺԿ անդամ կուսակցությունների հրապարակային մերժողական վերաբերմունքին: Այդ հարցի պատասխանը դժվար է տալ` նկատի ունենալով այն, որ  սեպտեմբերի 3-ից հետո նույն ԵԺԿ-ն այդպես էլ հստակ քայլեր չկատարեց  Եվրոպային ըստ էության «գցած»  Հանրապետական կուսակցությանը սաստելու ուղղությամբ: Եվ հենց դրանով ակնհայտ դարձավ, որ ԵԺԿ-ն ինքնին` որպես գաղափարական ընդհանրություն ունեցող ուժերի համախումբ,  ձեւական բնույթ է կրում:

Անցած տարվա նախագահական ընտրություններից հետո  իր մեկ այլ անդամին`«Ժառանգությանը» չսատարած, ավելին` քամահրական վերաբերմունքի արժանացրած ԵԺԿ ղեկավարությունն այսօր ստիպված է  ունկնդրել  հրապարակավ Ռուսաստանի շահերի պաշտպանությամբ զբաղվող Հանրապետականների առաջնորդին եւ ժպտալ: Արդյունքում ստացվում է աբսուրդի թատրոն. Հայաստանի իշխող ուժերը` Հանրապետականն ու «Օրինաց երկիր»-ը հանդիսանալով Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ, ամեն կերպ  սպասարկում են Ռուսաստանի շահերը, իսկ արեւմտամետ կողմնորոշում ունեցող «Ժառանգություն»-ը ԵԺԿ-ում  անտեսված  է: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, այս հարցում էլ, այն, փաստորեն, այլընտրանք է, քանի որ թեեւ ժամանակին դիմեց ԵԺԿ-ին` անդամակցելու համար, սակայն  մերժվեց: Ինչպես կյանքը ցույց տվեց` ի բարեբախտություն  իրեն:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը