Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը ասաց, որ Արցախիˋ Ղրիմի դեպքերի ողջունելու փաստը կարող է պարտադրված լինել ՌԴ-ի կողմից: Նա ասաց, որ նման ռեակցիա կարող էր լինել Արցախի իշխանությունների կողմից, երբ Կոսովոյի դեպքերը եղան, սակայն ռեակցիան այդպես էլ չեղավ, նույնը այսօր, երբ Վենետիկը Իտալիայից անկախանալու հանրաքվե է անցկացնելու:
«Մենք չենք կարող դեմ լինել որևէ ազգի ինքնորոշման իրավունքին, քանի որ յուրաքանչյուր ազգ ունի ինքնորոշվելու իրավունք, բայց Ուկրաինայի պարագայում դա կամավոր չէ տեղի ունեցել, այլ հարևան երկրի ճնշման ներքո», ասաց Արզումանյանը:
Խոսելով Հայաստանի արձագանքների մասին, պատգամավորն ասաց.
«Ըստ երևույթին, եղել են նույն ճնշումները, ինչ 2008–ին՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի բռնակցման ժամանակ, երբ պարտադրում էին Հայաստանի իշխանություններին ճանաչել այդ երկրների անկախությունը, սակայն այն ժամանակ ՀՀ իշխանությունները կարողացան դիմակայել»,- ասաց պատգամավորը:
«Ռուսաստանը մեզնից մեծ երկիր է եւ ունի մի քանի միլիոն քաղաքագետ, եւ ինձ շատ քիչ է հետաքրքրում, թե իրենք ինչ են մտածում: Նրանք ավելի լավ է մտածեն իրենց խնդիրների մասին, օրինակ հարբեցողության, Ռուսաստանը մեկուսացումից հանելու մասին: Ժիրինովսկին կլոուն է, սակայն նրա խոսքերը պետք է լուրջ ընդունել, պետք է զգույշ լինել: Նրա բերանով բարձրաձայնվում են բաներ, որոնք ապագայում իջեցվելու են մեզ։ Փորձում են ռեակցիան ստուգել»: