Հայաստանի շենքերը, որ կառուցվել են ոչ էներգաարդյունավետ նախագծերով և առանց պատշաճ ջերմամեկուսացման, էլեկտրաէներգիայի և գազի ամենամեծ սպառողներից են: Երկրում էներգիայի օգտագործման արդյունավետությունը բարելավելու ամենամեծ և տնտեսապես ամենաարդյունավետ հնարավորությունը, ըստ USAID-ի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության) կատարած ուսումնասիրությունների, ապահովում են շենքերը:
Ըստ այդ հաշվարկների, որը ներկայացվեց այսօր տեղի ունեցած համաժողովին, շենքերի հետ է կապված Հայաստանի էներգախնայողության ազգային ներուժի 40%-ը: Որպեսզի այս ներուժը իրացվի, շենքերի սեփականատերերը, ճարտարապետները, տեղական համայնքները և այլ շահագրգիռ կողմերը պետք է կիրառեն էներգաարդյունավետ շենքերի լավագույն փորձը: Նոր սերնդի շենքերը հնարավորինս մեծ չափով օգտվում են արևի էներգիայից և բնական լույսից, իսկ շենքերի ջերմամեկուսացված արտաքին կոնստրուկցիաները նվազեցնում են ջեռուցման և հովացման համար պահանջվող էներգիայի ծախսը: Դրա համար անհրաժեշտ է, որ նոր կառուցվող շենքերը ունենան մի կողմից՝ արևային ջրատաքացման և լուսավորության արդյունավետ համակարգեր, մյուս կողմից՝ կառուցվեն ջերմամեկուսիչ նյութերի օգտագործմամբ:
Նախկինում կառուցված շենքերը ևս կարելի է առավել էներգախնայող դարձնել, սակայն կարծում ենք՝ ամենաճիշտ ճանապարհը Հայաստանում նոր կառուցվող շենքերի համար էներգախնայող մեթոդներ օգտագործելու պարտադիր պահանջները օրենսդրությամբ կամ կառավարության որոշումներով պարտադրելն է: Առավել ևս, որ USAID-ի կողմից Հայաստանում իրականացվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակներում բազմաթիվ հետազոտություններ են կատարվել և արդեն պարզ է, թե հատկապես ինչը առավել հարմար կլինի Հայաստանի համար: Ի դեպ այս խնդիրը հայ գործարարներից վերջերս բարձրացրել էր Խաչատուր Սուքիասյանը:
Մասնավորապես ապացուցված է, որ Հայաստանը նպաստավոր վայր է արեգակնային էներգիայի օգտագործման համար: Հաշվարկները ցույց են տալիս, որ տարեկան 2500 ժամ արևի լույսը ճառագայթում է մեկ քառակուսի մետրի վրա մոտ 1700 կվտ/ժ էներգիա՝ համարժեք 175 լիտր բենզինի էներգիային:
Ինչ վերաբերում է ջերմամեկուսիչ նյութերին, ապա դրանք այնքան էլ չեն տարբերվում զարգացած երկրներում կիրառվող համապատասխան նյութերից: Այդ նյութերը նախատեսված են շենքերում ջերմահաղորդականության, կոնվեկցիայի և ճառագայթման պրոցեսները այնպես կարգավորելուն, որ հնարավորինս շատ էներգիա խնայվի: Ջերմամեկուսացման արտադրանքի ամենատարածված տեսակներից է «ծածկոցներով» ջերմամեկուսիչները, որոնք սովորաբար պատրաստվում են ապակե, հանքային, բամբակյա և բրդյա մանրաթելերից: Փրփրապլաստե սալերով մեկուսացման ժամանակ օգտագործվում են կոշտ սալեր՝ փայտե և մետաղե կոնստրուկցիաները ջերմամեկուսացնելու համար:
Այսպիսով, որքան շուտ Հայաստանն անցնի նոր կառուցվող շինություններում ջերմամեկուսիչ նյութեր և արևային էներգիան օգտագործելուն, այնքան ավելի արագ հնարավոր կլինի անցնել գազն ու էլեկտրաէներգիան խնայող ռեժիմների օգտագործմանը: Այդ ժամանակ արդեն՝ գազի ու էլեկտրաէներգիայի գների թանկացումը այնքան էլ ցավոտ չի լինի երկրի համար:
Հայկ Մանուկյան