Թուրքիան շարունակում է կրճատել ռուսական գազի գնումները, և օգոստոսին, 2000-ականների սկզբից ի վեր առաջին անգամ, «Գազպրոմը» կարող է ոչ մի խորանարդ մետր վառելիք չմատակարարել թուրք հաճախորդներին:
Հուլիսի 27-ին, տարեսկզբից երկրորդ անգամ, դադարեցվելու է «Թուրքական հոսք» խողովակաշարով գազի հոսքը, հայտնում է «Ինտերֆաքսը» ՝ հղում անելով թուրքական Botas պետական ընկերությանը, որը հանդիսանում է հունվարին խողովակաշարով բաց թողնված գազի գնորդը:
Գազատարը, որն արժե 7 միլիարդ դոլար, չի գործի երկու շաբաթով ՝ մինչև օգոստոսի 10-ը: Պաշտոնական պատճառը Botas-ի կողմից կատարվող վերանորոգման աշխատանքներն են:
Մեկ ամիս առաջ դադարեցվել էր «Թուրքական հոսքի» աշխատանքը՝ հունիսի 23-29-ը: Այդ անգամ կանգառի նախաձեռնողը «Գազպրոմն» էր, իսկ այս անգամ այն թուրքական կողմի նախաձեռնությունն է:
Արդյունքում «Գազպրոմը» սկզբունքորեն կարող է աշխատող խողովակաշարեր չունենալ դեպի Թուրքիա: Մայիսին ընկերությունը դադարեցրել էր մատակարարումը 2000-ականների սկզբին կառուցված «Երկնագույն հոսք» խողովակաշարով: Պատճառը վկայակոչվել է նույնպես վերանորոգումը, որը նախատեսվում էր ավարտել երկու շաբաթում:
Այդ ժամանակից անցել է ավելի քան երկու ամիս, սակայն տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր հզորություն ունեցող խողովակաշարը դեռ դատարկ է: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են Ռուսաստանի և Թուրքիայի գազային արդյունաբերության աղբյուրները:
Խնդիրը պահանջարկի պակասն է: Առաջին եռամսյակի վերջին Թուրքիան 2019-ի համեմատությամբ կրճատել է ռուսական գազի գնումները 70 տոկոսով և գրեթե 14 անգամ՝ 2 տարի առաջվա ցուցանիշների համեմատությամբ:
Արդյունքում Ռուսաստանը դուրս մղվեց այդ երկրի խողովակաշարային գազի խոշորագույն մատակարարների շարքում զբաղեցրած առաջին հորիզոնականից: 1,87 մլրդ խմ գազի կեսը Թուրքիային մատակարարել է Ադրբեջանը (924 մլն խմ), Իրանը երկրորդ տեղում է (557 մլն խմ), իսկ Ռուսաստանի Դաշնությունը 389 մլն խմ-ով հայտնվել է երրորդ տեղում:
Թուրքիան ռուսական գազը փոխարինում է հեղուկացված գազով, որը գետի նման հոսում է եվրոպական շուկա և շատ ավելի էժան է:
Հեղուկ գազի ներմուծումը Թուրքիա աճել է 300 տոկոսով. ամենամեծ մատակարարներն են Կաթարը (786 մլն խմ) և ԱՄՆ-ը (370 մլն խմ), իսկ մնացած մասը ձեռք է բերվել Ալժիրում, Նիգերիայում, Կամերունում ու Եգիպտոսում:
«Գազպրոմի» գազը, պարզվեց, որ անմրցունակ է գնային առումով: Ինչպես գրում է Daily Sabah-ը, ապրիլի 1-ից Թուրքիան հազար խմ-ի դիմաց պետք է վճարի 228 դոլար, ինչը գրեթե 4 անգամ ավելին է, քան կետային գները: Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի տվյալներով, երկրորդ եռամսյակում «Գազպրոմի» արտահանման եկամուտները աղետալի նվազել են գրեթե երեք անգամ և դարձել ամենացածրը 2002 թվականից ի վեր՝ կազմելով 3,5 մլրդ դոլար: