Վարչապետ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում: Վարչապետը նախ շնորհավորել է Ն.Գ. Թիջանի Մուհամմադ-Բանդեին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Իր ելույթում Փաշինյանը խոսել է ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության մասին՝ ընդգծելով, որ դա միայն իրենց առաքելության սկիզբն է: Այս համատեքստում վարչապետն անդրադարձել է նաև տնտեսության արագ աճին, տնտեսական հեղափոխության փուլը թևակոխելու անհրաժեշտությանը, կանանց իրավազորմանը, կրթության զարգացմանը. «Այս բարձր ամբիոնից ևս մեկ անգամ ցանկանում եմ հայտարարել, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը կատարվել է իր հպարտ քաղաքացիների կողմից՝ որպես կոռուպցիան, իշխանության չարաշահումը, տնտեսական և քաղաքական ուժի մենաշնորհը, ընտրակեղծիքներն ու քաղաքական մանիպուլյացիաները մերժելու նրանց կամքի դրսևորում: Պետք չէ գլոբալ տերությունների մրցակցության տեսանկյունից դիտարկել հայ ժողովրդի կամքի արտահայտությունը, որը գերագույն ինքնիշխանության կրողն է մեր երկրում»:
Խոսելով անվտանգության հիմնախնդրի մասին՝ վարչապետը նշել է. «Հայաստանի 4 սահմաններից 2-ը, այդ թվում` Թուրքիայի հետ սահմանը, շուրջ 3 տասնամյակ փակ է: Հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանին աջակցելով՝ Թուրքիան շարունակում է հայ ժողովրդի համար մնալ անվտանգության լուրջ սպառնալիք, ով արդեն մեկ անգամ եղել է ցեղասպանության զոհ և պատմական ճշմարտության ժխտման ականատեսն է»: Վարչապետն ընդգծելով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծման կարևորությունը՝ նշել է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար. «Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Մենք բնավ համաձայն չենք հակամարտության այդպիսի մեկնաբանության հետ: Դա վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս վեճը տարածքային պահանջների մասին չէ: Խոսքը մարդկանց մասին է, տղամարդկանց, կանանց և իրենց հայրենիքում ապրելու նրանց իրավունքի մասին, այնպես, ինչպես ապրել են իրենց նախնիները դարերի ընթացքում»:
Փաշինյանը նաև խոսել է գործընկեր երկրների միջև առկա տարաձայնությունների մասին. «Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, Վրաստանը և Իրանը մեր ռազմավարական հարևաններն են: ԱՄՆ-ի, Եվրամիության և վերջինիս անդամ պետությունների հետ մենք ունենք ռազմավարական օրակարգ և գործընկերային հարաբերություններ»:
Անդրադառնալով մամուլի ազատությանը՝ վարչապետն ասել է. «Մեր ԶԼՄ-ները լիովին զերծ են կառավարության վերահսկողությունից կամ միջամտությունից: Այնուամենայնիվ, նրանցից ոմանք ենթարկվում են նախկին կառավարության նույն հին շրջանակներին՝ կեղծ լուրեր հորինելով և հասարակության մեջ անվստահություն սերմանելով թավշյա հեղափոխության ծագման և նպատակների վերաբերյալ: Չնայած այս մարտահրավերին, ԶԼՄ-ների ազատությունը խթանելու և պաշտպանելու մեր վճռականությունն անխախտ է»: