Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան կարծիք է հայտնել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է, և օրերից մի օր այն իրականություն կդառնա։
«Հնարավոր է, որ այն չլինի մոտ ժամանակներում։ Դժվար է հավատալ, որ դա կկատարվի առաջիկա 5-10 տարիների ընթացքում։ Բայց կարծում եմ, որ փաստն ակնհայտ է, և այն այսպես թե այնպես կընդունվի»,- հայտարարել է Նաուսեդան լիտվական Delfi պարբերականի հետ զրույցում։
Լիտվայի նախագահի այս խոսքերից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն Լիտվայի դեսպանին հրավիրել էր՝ քննարկելու Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները, սակայն, որպես այդպիսին, բողոքի նոտա չեն հղել։
Հիշեցնենք, որ Լիտվայի Սեյմը 2005 թվականին հաստատել է իր կողմից ընդունված բանաձևը, ըստ որի՝ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում իրականացվել է հայերի ցեղասպանություն։