Թուրքական իշխանություններն առգրավել են Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռան՝ 75-ամյա լրագրող Հասան Ջեմալի անձնագիրը: Այս մասին տեղեկացնում է turkishminute.com լրատվական կայքը:
Լրագրող Հասան Ջեմալը պատրաստվել է Բեռլին մեկնել: Ջեմալ Փաշայի թոռանն արգելել են երկրից դուրս գալ, քանի որ վերջինս աջակցում է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը»:
Հասան Ջեմալի փաստաբանը բողոքարկել էր դատարանի որոշումը, և դատարանը որոշել էր չեղարկել նրա՝ երկրից դուրս գալու արգելքը: Չնայած դատարանի կայացրած որոշմանը՝ անձնագիրը Ջեմալից վերցրել են:
«Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը» Թուրքիայում ահաբեկչական է որակավորվում: T24 կայքի համար գրված հոդվածի պատճառով, որը «ահաբեկչական» բովանդակություն էր ունեցել, Հասան Ջեմալին 9 տարվա ազատազրկում է սպառնում:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, Հայոց ցեղասպանության և Հրանտ Դինքի մասին գրառում էր արել Twitter-ում, որը դարձել էր բուռն քննարկման առարկա: