«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է պատրաստել մասնագիտական աշխատանքների կատարման ընթացքում սպանված, ինչպես նաև ձերբակալված լրագրողների թվի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը՝ tr.euronews.com-ին հղումով:
Նշվում է, որ 2019 թ. աշխարհում սպանվել է մասնագիտական գործունեություն ծավալող 49 լրագրող, որից 3-ը կին և 46-ը՝ տղամարդ: Այդ լրագրողներից 20-ը սպանվել են պատերազմական գոտում:
2019 թ. ամենից շատ լրագրողներ սպանվել են Սիրիայում և Մեքսիկայում (յուրաքանչյուրում 10 լրագրող): Զեկույցում ասվում է, որ ընդանուր առմամբ վերջին 10 տարիների ընթացքում 941 լրագրող է սպանվել: «Աշխարհում 2019 թ. մասնագիտական գործունեություն ծավալելու պատճառով 389 լրագրող է կալանավորվել, որից 120-ը՝ Չինաստանում: Իսկ Թուրքիայում այս տարի բանտարկվել է 25 լրագրող»,- նշվում է զեկույցում:
Հիշեցնենք, որ «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ) 2019 թ. կազմած զեկույցում Չինաստանը (48 բանտարկված լրագրող) և Թուրքիան (47 բանտարկված լրագրող) «աշխարհում լրագրողների ամենամեծ բանտ» էր բնութագրել: