Թուրքիայում օրեցօր ավելանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը՝ մոտենալով 30 հազարի: Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ հիվանդների թիվը 27 հազար 69 է, 574 մարդ մահացել է համավարակի հետևանքով:
Այս իրավիճակում թուրքական իշխանությունները ստիպված են խստացնել սահմանափակումները:
Մինչև 20 տարեկան և 65 տարեկանից բարձր քաղաքացիներին արգելված է փողոց դուրս գալը: Երկրի 31 խոշոր քաղաքների, այդ թվում Ստամբուլի ելումուտը միառժամանակ փակվել է: Կրճատվել են հասարակական տրանսպորտի, խանութների ու դեղատների աշխատանքային ժամերը: Պարտադիր պայման է սահմանվել հանրային վայրերում դիմակ կրելը, իրարից առնվազն մեկ մետր սոցիալական հեռավորություն պահելը: