Թուրքական ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ադանայի շրջանում հայտնաբերել է 1,2 հազար միավոր զենք: Այն գտնվել է տեղի ձեռնարկություններից մեկի բեռնատարում: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, հնարավոր է՝ զենքը նախատեսված է եղել Սիրիայի զինյալների համար:
Ադանայի նահանգապետ Հուսեյն Ավնի Ջոշը հայտարարել է. «Մենք կարող ենք հաստատ ասել, որ այս զենքը Թուրքիայում օգտագործելու համար չի նախատեսված: Բայց տարբեր տեղեկություններ կան, թե կոնկրետ ուր պետք է այն ուղարկվեր և որտեղ օգտագործվեր: Իսկ այդ տեղեկությունները ստույգ չեն: Քանի որ սա մարդասիրական օգնություն չէ և ոչ էլ ռազմական մատակարարումներ, ապա հնարավոր է, որ այն նախատեսված է եղել ինչ-որ խմբավորումների կամ պետությունների փոխանցելու համար»,- հավելել է նահանգապետը: