Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սիրայում տիրող վիճակի համար դատապարտել է Թուրքիայի կողմից կատարվող գործողությունները: Ֆրանսիայի առաջնորդը համոզված է, որ Թուրքիայի Զինված ուժերի գործողությունները Սիրիայի հյուսիսում կարող են օգնել «Իսլամական պետության» ահաբեկիչներին ուժեղացնել իրենց դիրքերը:
Լիոնում՝ ՁԻԱՀ-ի, թոքախտի և մալարիայի դեմ պայքարին նվիրված խորհրդաժողովում ունեցած իր ելույթում Մակրոնը հատկապես նշել է.
«Ես վճռականորեն դատապարտում եմ հարձակողական ռազմական գործողությունը Սիրիայում և կոչ եմ անում Թուրքիային որքան հնարավոր է շուտ ավարտել այն»,-Ֆրանսիայի նախագահի խոսքերը փոխանցում է Interfax-ը:
«Թուրքիան պատասխանատվություն է ստանձնում այն ռիսկի համար, որ իր գործողությունները կօգնեն ԻՊ-ին վերականգնել իր «խալիֆաթը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին:
Գործողության առաջին օրը ընդհանուր առմամբ հարվածներ են հասցվել քրդերի 181 օբյեկտի:
Նույն օրը թուրքական զորքերը ցամաքային գործողություն են սկսել և խորացել Սիրիայի տարածքում: Վերջին տեղեկություններով՝ կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Գնդակոծության տակ են հայտնվել նաև հայաբնակ շրջանները: