ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասել է, որ հակավիրուսային դեղերի եւ պատվաստանյութ արտադրողների հետ բանակցությունները շարունակվում են:
«Հակավիրուսային «Ռեմդեսիվիր» դեղի խմբաքանակ ենք գնել, որը մոտ 10 օրից կլինի Հայաստանում: Բանակցություններ ենք վարում ռուսական «Աֆիվավիր», ինչպես նաեւ ճապոնական եւ ռուսական «Ֆավիպիրավիր» դեղերի ձեռք բերման մասին: Ճապոնականից արդեն ստացել ենք, շուտով կսկսենք օգտագործել»,- հայտնել է նախարարը:
Արսեն Թորոսյանն ասել է, որ աշխարհում այս պահին մշակվում է մոտ 200 պատվաստանյութ, որոնցից մոտ 20-ը մեծ շանս ունեն դառնալու վերջնական պրոդուկտ: Դրանց արդյունքները հայտնի կդառնան կլինիկական փորձարկումների երրորդ փուլի ավարտից հետո:
«Պատվաստանյութերի ձեռք բերման հետ կապված եւս բանակցություններ գնում են, բայց դրանք շատ նախնական են, դեռ անորոշությունները շատ մեծ են»,- ասել է նա: