տուն Քաղաքական Թովմասյանի հայտարարագրերում կան առերեւույթ անհամապատասխանություններ

Թովմասյանի հայտարարագրերում կան առերեւույթ անհամապատասխանություններ

450
0

Այսօր հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և մյուսների կողմից իշխանության զավթման առերևույթ հանցագործության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն էլ ասել էր՝ պահուստային տարբերակներ կան Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հեռացնելու համար:

Araratnews.am-ը պատգամավորին հարցրեց՝ արդյոք Սահմանադրական դատարանի կազմը ցրելու տարբերակ քննարկվո՞ւմ է: «Քննարկվում են տարբեր տարբերակներ, որոնց մասին չեմ կարող հիմա խոսել: Ինտենսիվ քննարկումներ կան: Երբ կլինեն մշակված տարբերակներ, կհայտարարենք»,- ասաց պատգամավորը:

Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկն անդրադարձել էր Հրայր Թովմասյանի չհայտարարագրված ունեցվածքին, թեեւ Թովմասյանը հերքել էր հրապարակումը:

Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանին հարցրինք՝  հանձնաժողովը Թովմասյանի ունեցվածքի հրապարակմանն ինչպե՞ս է արձագանքում: Նրա խոսքով՝ հանձնաժողովն ուսումնասիրում է վերոնշյալ հոդվածը: «Թովմասյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առկա են առերեւույթ անհամապատասխանություններ հայտարարագրված գույքի առնչությամբ»,- մանրամասնեց հանձնաժողովի անդամը:

Թե խոսքը որ հայտարարագրի մասին է, հանձնաժողովի անդամը չմանրամասնեց: 

Էդգար Շաթիրյանը նաև հիշեցրեց՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գույքի և եկամուտների հայտարարագրերի վերլուծության արդյունքներով հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու առերևույթ հատկանիշներով իրավասու է հարուցել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթներ և արդյունքում՝ իրավախախտումների փաստերի հաստատման դեպքում կիրառել վարչական տույժեր կամ՝ կասեցնել վարույթները՝ համապատասխան նյութերն ուղարկելով իրավապահ մարմնին՝ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու առերևույթ հատկանիշներով։ Միաժամանակ, իրավապահ մարմինները կաշկանդված չեն Հանձնաժողովի վերլուծություններով և կարող են իրականացնել հայտարարագրերի ուսումնասիրություններ, վերլուծություններ ու դրանց արդյունքներով հարուցել քրեական գործեր (հայտարարագրմանն առնչվող բովանդակային խախտումների մասով)։ Հարկ է նկատի ունենալ, որ հայտարարագրմանն առնչվող խախտումները որոշակիացնող և դրանց համար վարչական/քրեական պատասխանատվություն սահմանող օրինադրույթներն ուժի մեջ են մտել 2017 թվականի հուլիսի 1֊ից, հետևաբար՝ դրանք կիրառելի են այդ պահից սկսած ներկայացված, այդ թվում՝ 2017 թվականի տարեկան հայտարարագրերի նկատմամբ։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանին էլ հարցրինք՝ ՍԴ-ի կազմը ցրելու վարկածը, որն ամենաշատն է քննարկվում մամուլում, իրավական հիմք ունի՞: Պատասխանը բացասական էր. «Դատական կազմը ցրել կամ դատարան ցրել իրավական գործընթաց չկա»:

Սոնա Դավթյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here