Իշխող շրջանակները փորձում են Հայաստանի ներկայիս անմխիթար վիճակը պատճառաբանել նախորդ իշխանությունների գործունեությամբ: Այդպիսի նորմը աշխարհում միշտ եղել է քաղաքականության մեջ: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանըˋ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որտեղ նա քննադատում է վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությունը 6 տարիների ընթացքում:
«Սովետական միության ժամանակ էլ Խրուշչովը իր բոլոր մեղքերը բարդում էր Ստալինի վրա, Բրեժնեւը բարդում էր Խրուշչովի վրա եւ այլն: Դա ավանդական ձեւ է: Քանի որ այսօրվա իշխանությունները բավական հաճախ են կրկնում այդ՝ պատճառները կապելով նախկինի հետ, նախկինն էլ փորձում է ցույց տալ, որ ներկայիս իշխանության տեսակետները շատ էլ մոտ չեն ճշմարտությանը»,- ասաց Ե. Բոզոյանը։
Անդրադառնալով վարչապետի վերջին վերլուծությանը` կապված Հայաստանում տնտեսական ճգնաժամի հետˋ Բոզոյանը նշեց, որ վարչապետը առաջին անգամ չէ իր կառավարության գործունեության թերությունները կապում նախորդ կառավարության գործունեության հետ:
«Այսինքն՝ նա շինարարական փուչիկի պայթելով բացատրում է ներկայիս ճգնաժամը Հայաստանում եւ մեկ անգամ չէ, որ այդ մասին նշում է: Եվ վարչապետը որոշում կայացրեց հանդես գալ մեծ ասուլիսով, որտեղ փորձեց պատասխանել առկա խնդիրներինˋ կուտակային կենսաթոշակների, գազային պայմանագրերի, Մաքսային միության եւ օֆշորային սկանդալի հետ կապված: Նա Հայաստանի այսօրվա ծանր վիճակը հիմնականում պայմանավորեց նախկին կառավարության գործունեության շինարարական փուչիկով, որը պայթեց, եւ Հայաստանը մինչեւ հիմա մնացել է այդ փուչիկի տակ»,- ասաց Բոզոյանը:
Ըստ վերլուծաբանիˋ վարչապետը, անընդհատ կրկնելով այս պատճառաբանությունը, լրջորեն զայրացրել է ՀՀ երկրորդ նախագահի մոտ, եւ նա պատասխանել է:
«Դրա հետևանքով առաջացել է այդ կոշտ հակամարտություն»,- եզրափակեց Բոզոյանը: