Վերջերս հաճախ են զանգահարում Araratnews.am-ի խմբագրություն եւ դժգոհում թափառող շների հարձակումներից: Բողոքները հատկապես երեկոյան ժամերին մայրաքաղաքի տարբեր հատվածներում թափառող շների մասին են, որոնք հաչում են, երբեմն էլ խմբով հարձակվում անցորդների վրա:
Araratnews.am-ը Երեւանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հարություն Առաքելյանի հետ զրուցեց քաղաքացիների բողոքների, ՊՈԱԿ-ի գործունեության մասին:
— Պարո՛ն Առաքելյան, քաղաքացիները բողոքում են, որ քաղաքում շատացել են թափառող շները, հաճախ նրանք շրջում են խմբերով եւ հարձակվում անցորդների վրա: Ի՞նչ քայլեր է անում ՊՈԱԿ-ն այս ուղղությամբ:
— Ոհմակներ սովորաբար ստեղծվում են շների զույգավորման սեզոնին: Կենդանու ստերջացումից հետո ոհմակները հիմնականում ցրվում են:
— Բայց անգամ ստերջացումից հետո մայրաքաղաքի տարբեր մասերում տեսնում ենք խմբված շների, որոնք հաչում, երբեմն հարձակվում են անցորդների վրա նաև քաղցած լինելու պատճառով:
— Տանը կենդանի պահողը ամենաքիչը կարող է ասել՝ կենդանին երբ ոհմակ կկազմի: Դրսում ապրող կենդանիները սնունդ հայթայթում են իրենց միջոցներով: Եթե տեսնում են՝ աղբամանի մոտ չորս շուն սնունդ է փնտրում, դա չի նշանակում, որ ոհմակ է:
— Սակայն դուք չեք կարող երաշխավորել, որ մայթերին խմբված եւ ստերջացված շները չեն հարձակվի անցորդների վրա: Բողոքներ լսել ենք քաղաքացիներից:
— Ես համաձայն եմ, որ խնդիր կա, բայց կենդանիների հետ վարվելու կանոններ կան. եթե ուտող, քնած ձագերով կենդանուն չխանգարեն, չքշեն, ապա խնդիր չի լինի: Մեզանում փողոցում կենդանի չտեսնելու ցանկություն կա: Մարդիկ անգամ բակային տարածքներում չեն ցանկանում ստերջացված կենդանիներ տեսնել:
— Խոսքը քաղաքի մայթերին, բանուկ մասերում խմբված շների՝ անցորդների վրա հարձակվելու մասին է:
— Ստերջացված կենդանիները փողոցներում անցորդներին ռեակցիա չեն տալիս: Եթե կենդանին ուտում է կամ քնած է ու իր մոտով անցնող անցորդին ռեակցիա է տալիս, դա բնական է: Մեզ մոտ պետք է փոխվի կենդանիների հետ շփվելու մշակույթը:
— Ձեր կենտրոնը կամ Երեւանի քաղաքապետարանը տանը պահվող կենդանիներին խնամելու միջոցառումներ սկսելո՞ւ է: Այդ կենդանիները չպե՞տք է պատվաստվեն, բժշկական անհրաժեշտ փաստաթղթեր ունենան:
— Կենտրոնն այսօր զբաղվում է բացառապես թափառող կենդանիներով: Կենտրոնի ծրագրերում կան նաև ընտանի կենդանիների հաշվառումը, չիպավորումը, որը կլուծի շատ խնդիրներ: Օրինակ՝ եթե քաղաքացին չցանկանա այլեւս ընտանի կենդանի պահել, չի կարողանա նրան փողոց նետել: Թե ի՛նչ պետք է անի քաղաքացին, կամ ի՛նչ պետք է լինի այդ կենդանու հետ, կսահմանվի օրինագծով, որն արդեն պատրաստ է: Օրինագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը եւ Մերի Գալստյանը, որոնց հետ մենք խոսել ենք մեր փորձառության մասին:
— Ընտանի կենդանի պահողներից հարկ գանձելն ամիսներ առաջ դժգոհություն առաջացրեց: Կենդանասերները պահանջում եմ խրախուսել տանը կենդանի պահողներին՝ հարկելու փոխարեն…
— Կենդանիներ պահելու տուրքը հիմա էլ կա, բայց քաղաքապետարանը մեկ տարի է՝ չի գանձում: Հետագայում պարզ կլինեն վճարումները: Ինչ վերաբերում է տանը կենդանի պահողների բողոքներին, համաձայն չեմ, քանի որ մեծ մասամբ տանը պահում են գնված, ոչ թե փողոցից վերցված կենդանի: Այդ մշակույթը նոր է ձեւավորվում:
— Այնուամենայնիվ, տարբերակված մոտեցում կլինի՞, կխրախուսվե՞ն փողոցից տուն բերած ընտանի կենդանի պահողները:
— Միանշանակ կլինի: Շուտով քննարկումներ կլինեն այդ խնդրի մասին:
— Հանրային վայրերում հաճախ ենք տեսնում առանց դնչկալի, սանձափոկի զբոսանքի հանված ընտանի մեծ շներ: Արդյոք սա ճի՞շտ է: Կենտրոնն ի՞նչ անելիք ունի:
— Եթե չեմ սխալվում, կենդանիների պահման կանոնների օրենք կա, բայց իմ մատնանշած օրինագծում դա էլ կհստակեցվի: Երեւանի քաղաքապետարանը նախատեսում է յուրաքանչյուր վարչական շրջանում կենդանիների համար զբոսանքի տարածք կամ այգու առանձին հատված առանձնացնել: Սրա շնորհիվ կխուսափենք տարածքի կեղտոտումից, շների հետեւից հավաքելուց: Հետագայում, երբ կունենանք քաղաքային կամ համայնքային ոստիկանություն, միգուցե դրանով էլ զբաղվեն: Հիմա մեր կառույցը դրանով չի զբաղվում:
Հիշեցնենք՝ ՊՈԱԿ-ը զբաղվում է թափառող կենդանիների ստերջացմամբ, պատվաստմամբ, համարակալմամբ եւ տարածքներ վերադարձնելով: Այն կենդանիները, որոնք վարակիչ, վտանգավոր հիվանդությամբ են տառապում, ագրեսիվ վարք ունեն, նրանց տարածք չեն վերադարձնում: Քանի որ քաղաքում ավելի շատ թափառող շներ են, ՊՈԱԿ-ը հիմա դրանցով է զբաղվում: Հետագայում կզբաղվեն կատուներով: Կենտրոնն ամսական 100 կենդանի է վիրահատում: Պետբյուջեից տարեկան տրամադրվում է 149 մլն դրամ:
Ի դեպ, Երեւանում կառուցվում է կենդանիների առանձին կլինիկա: Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա վերջին:
Սոնա Դավթյան