Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի ավագանու դեկտեմբերի 16-ի որոշման համաձայն, Երեւանի քաղաքապետարանին առընթեր ստեղծվելու է «Շրջակա միջավայրի կանաչապատում եւ պահպանություն» ՊՈԱԿ-ը: Այն ղեկավարելու է Արմեն Բեգոյանը, որն այժմ Երևանի քաղաքապետարանին առընթեր «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենն է: Ե՞րբ է գործելու նորաստեղծ ՊՈԱԿ-ը, ի՞նչ իրավիճակ է թափառող շների հետ տարվող աշխատանքներում: Այս և այլ հարցերին Araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արմեն Բեգոյանը:
Պարոն Բեգոյան, երբվանի՞ց է գործելու «Շրջակա միջավայրի կանաչապատում և պահպանություն» ՊՈԱԿ-ը:
Կազմակերպությունը նախ պետք է պետռեգիստրում գրանցում ստանա: Ամենայն հավանականությամբ՝ ՊՈԱԿ-ը կսկսի գործել գալիք տարեսկզբից:
Կառույցի ղեկավարը, ըստ ամենայնի, Դուք եք լինելու: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հանձնառությունը, համատեղելու ե՞ք ներկայիս պաշտոնի հետ:
Կարծում եմ, չեմ կարող համատեղել: Ամեն դեպքում պատրաստ եմ կատարել այն հանձնառությունը, որն ինձ կվստահվի:
Ի՞նչ ցուցանիշներ է գրանցել Ձեր ղեկավարած՝ Երևանի քաղաքապետարանին առընթեր թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը:
Վերջին մեկ տարում մեր և քաղաքապետարանի համատեղ աշխատանքների շնորհիվ, այս պահին կարող եմ արձագանագրել, որ Երևան քաղաքում ստերջացված, պատվաստված է 2700 թափառող շուն, որը կազմում է թափառող շների շուրջ 70%-ը: Աշխատանքներ միշտ էլ իրականացվում են, պարբերաբար արձագանքում ենք ահազանգերին և նպատակ ունենք գալիք տարի հասնել իդեալականին մոտ արդյունքի: Ամեն դեպքում, կարծում եմ, տեսանելի է արդյունքը, կատաղության դեմ պատվաստումները հաճախակիացել են, ստերջացման արդյունքում կասեցվել է վտանգավորություն և հիվանդություն ունեցող շների վերարտադրումը:
Այդ աշխատանքների համար որքա՞ն գումար եք ծախսել 2019-ին:
Մեզ հատկացվել էր 150 միլիոն դրամ, սակայն ծախսել ենք մոտավորապես 125 միլիոն: Կատարել ենք խնայողություն, ինչը, կարծում եմ, պակաս կարևոր չէ:
Զրուցեց Արա Ալոյանը