Թայվանում ներդրել են մահապատժի նոր կանոններ, որոնք կոչել են «մարդասիրական»: Օրինակ ՝ մահվան դատապարտված անձին թույլատրվելու է ձայնային հաղորդագրություն թողնել հարազատներին, ինչպես նաև նրան թույլ չեն տալու տեսնել իր դահճին:
Թայվանի իշխանություններն իրենց նախաձեռնությունը անվանել են «ավելի մարդասիրական», սակայն իրավապաշտպանները համաձայն չեն դրան, գրում է Daily Mail-ը:
Հայտնի է, որ մահապատժի դատապարտվածներին մահապատժից անմիջապես առաջ տալիս են հանգստացնող դեղորայք, այնուհետև նրանց նստեցնում են գլուխը դեպի ներքև և կրակում են մեջքին:
Նոր կանոնները պարտավորեցնում են գլխանոց հագցնել «մահապարտներին», որպեսզի մարդիկ չտեսնեն իրենց դահճին՝ նախքան վերջինս կկրակի իրենց սրտին: Բանտարկյալներին թույլատրվել է նաև հրաժեշտի ձայնային կամ տեսահաղորդագրություններ թողնել և կրոնական ծեսեր կատարել:
«Մահապատիժը պատժի դաժան ու անմարդկային մեթոդ է, ուստի աբսուրդ է քննարկել, թե ինչպես այն կիրառել ավելի մարդկային ձևով»,- ասել է Amnesty International Taiwan իրավապաշտպանական կազմակերպության տնօրեն Չիու Է-լինը՝ մեկնաբանելով իշխանությունների նախաձեռնությունը:
Մահապատիժներից ընդհանրապես հրաժարվելու կոչ է արել Հանուն մահապատժից հրաժարվելու թայվանյան դաշինքի գործադիր տնօրեն Լին Սին-իիյը: Նա շեշտել է, որ սկզբունքորեն գոյություն չունի մարդուն կյանքից զրկելու մարդասիրական ձև:
Թայվանում վերջին անգամ մահապատիժ է կիրառվել 2010 թ.։ Այս տարի երկիրը պատրաստվում է վերսկսել այս պրակտիկան:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը 17 տարի անց վերսկսեց մահապատիժները դաշնային մակարդակով: