տուն Քաղաքական Թաղապետը՝ նախկին ԱԱԾ-ական. երբ կլինեն բացահայտումներ

Թաղապետը՝ նախկին ԱԱԾ-ական. երբ կլինեն բացահայտումներ

714
0

Araratnews.am-ը  գրել էր, որ Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմը նոր ղեկավար ունի՝ Անդրանիկ Գասպարյան:

Անդրանիկ Գասպարյանի կենսագրությունից տեղեկանում ենք՝  նորանշանակ ղեկավարը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ սահմանային զորքերում: 2018-2020 թվականներին աշխատել է Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար:

Ինչու հենց Անդրանիկ Գասպարյանին առաջարկեցին Նուբարաշենի ղեկավար դառնալ, Araratnews.am-ը զրուցեց նրա հետ: «Դա քաղաքական թիմի որոշումն է: Իսկ թե ինչու են ինձ նշանակել, կարող եք զանգել քաղաքապետարանից ճշտել: Դա քաղաքապետի որոշումն է»,- ասաց աշխատակազմի ղեկավարը:

Հարցին՝  Անդրանիկ Գասպարյանը  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդա՞մ է, ասաց, որ 1,5 տարի առաջ դիմել է կուսակցական դառնալու համար, բայց դեռ պատասխան չի ստացել կուսակցությունից:

Որո՞նք են լինելու վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի առաջին քայլերը, որոնցով նա կգերազանցի նախորդ ղեկավարին: «Անում ենք բոլոր գործերը: Կտեսնեք մեր գործերի արդյունքը: Շատ ծրագրեր ունեք անելու»,- պատասխանեց  վարչական շրջանի ղեկավարը:

Մեկ-երկու վարչական շրջանի աշխատակազմերում եղան կաշառակերության բացահայտումներ: Արդյոք նման բացահայտում կլինի նաև Նուբարաշենում: «Ոչ: Դա իրավապահ մարմինների գործն է: Ես այդպիսի բան չեմ անելու»,- ասաց պարոն Գասպարյանը:

Դիտարկմանը, թե վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարը կարող է իր կասկածները գրավոր ներկայացնել իրավապահներին, Անդրանիկ Գասպարյանի խոսքով՝ եթե կասկածներ լինեին, արդեն բացահայտումներ կլինեին:

Վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի՝ Նուբարաշենի բնակիչ լինելը չի կաշկանդում իրեն գործելու օրենքի շրջանակում:

Երկար տարիներ ԱԱԾ աշխատակից լինելուց հետո տեղափոխվել է այլ ոլորտ աշխատանքի՝ դժվար չէ՞: Հարցին ի պատասխան՝ Նուբարաշենի ղեկավարն ասաց. «Դժվարություններ կարող են լինել, բայց մենք կհաղթահարենք»:

Սոնա Դավթյան