Արդեն անցել է 1 տարի ՀՀ նախագահական ընտրություններից, որտեղ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ըստ իր իսկ խոսքերի, որքան ուզեց, այնքան խփեց: Ընտրությունների արդյունքերը խիստ վիճարկելի են, եթե չասենք՝ կեղծված: Միայն ԶԼՄ-ների արձանագրած խախտումներն ու իրավապահների հանցավոր անգործության բազմաթիվ փաստերը բավարար են՝ նման կարծիք հայտնելու համար: Սակայն Հայաստանյան նախագահական ընտրություններն ունեն ևս մի առանձնահատկություն. աչքի են ընկնում հետընտրական զարգացումներով, ինչը տեղի ունեցավ նաև այս անգամ: Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքեց կես միլիոնից ավելի քվե և փաստացի դարձավ ընդդիմության լիդեր: Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական խոստումները ցավոք ոչնչով չտարբերվեցին Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից` երկուսն էլ մնացին անկատար: Արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկություններն ու ժողովրդի ակնկալիքները համընկնում էին՝ դժվար է պատասխանել, սակայն ակնհայտ է, որ քանիցս նա ինքը խախտեց իր խոստացած «ժողովրդից ոչինչ չթաքցնելու սկզբունքը», սկսած Րաֆֆի Հովհաննիսյան -Սերժ Սարգսյան հանդիպումից,երբ Սարգսյանը հարցրեց,թե կուզենա Հովհաննիսյանը լրագրողների ներկայությամբ խոսել,և ի պատասխան լսվեց բացասական պատասխան: Այսպիսով ի տարբերություն նախորդ նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական շարժման, Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումը կարճ կյանք ունեցավ և մարեց Երևանի Ավագանու ընտրություններից հետո: Ի”նչ տեղի ունեցավ այս մի տարում Հայաստան քաղաքական դաշտում. զարմանալիորեն ակտիվացան քաղաքացիական հանրության ներկայացուցիչները, ովքեր սկսած ընտրության հենց հաջորդ օրը ԿԸՀ դիմաց կազմակերպված ակցիայից, փորձեցին Հայաստանի քաղաքական կյանքում գործոն դառնալ, ու որոշ առումներով կարելի է ընդունել, որ դարձան: Տրանսպորտի սակագնի դեմ պայքարը, Կոմիտաս 5-ի, Սայաթ-Նովայի ապօրինի շինարարությունների , Մաքսային Միության, գազի սակագնի, կուտակային կենսաթոշակային օրենքի դեմ ակցիաները բավականին ակտիվություն մտցրեցին քաղաքական կյանքում, սակայն որքան էլ որ զարմանալի ու տարօրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանն, ով ըստ տրամաբանության պետք է լիներ կիզակետում, որևէ մասնակցություն չցուցաբերեց այս ամենում: Ի տարբերություն նախորդ տարվա ընթացքում ԲՀԿ-ի միջանկյալ վիճակներին, տարեվերջին Ծառուկյանի առաջնորդած քաղաքական ուժը հանդես եկավ որպես ավելի ընդդիմադիր և չնայած այժմ էլ իրեն համարում է ոչ իշխանական, սակայն վերջին համագումարը ևս փաստեց Ծառուկյանի քաղաքկան ուժի ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու ցանկությունը: Ի վերջո, կարելի է պնդել, որ հայաստանյան քաղաքական դաշտը թևակոխել է նոր մոտեցումների, նոր կառուցվածքների ու նոր պայքարի ձևերի դաշտ: Դրանց հաջողության գործակիցը կարելի է արձանագրել միայն արդյունքներով, որոնք դեռևս չկան:
Արմեն Մկրտչյան