2014թ բյուջեի քննարկումն ամփոփել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նախ շնորհակալություն է հայտնել բոլորին շահագրգիռ քննարկումների համար, որովհետև այդ քննարկումները հնարավորություն են տալիս կառավարությանը բացահայտել ծրագրի ուժեղ և թույլ կողմերը: Նա ասել է, որ ՀՀ-ում առկա խնդիրներն են գործազրկությունը, արտագաղթը, աղքատությունը և կոռուպցիայի բարձր մակարդակը: Վարչապետի խոսքովˋ դրանք լրջագույն վտանգներ են, որոնք խոչընդոտում են երկրի զարգացմանը: «Մեր ընդդիմադիրները փորձում են բացահայտել այլ երևույթներ, որոնք շատ հաճախ անհիմն են լինում: Դա չի նպաստում երկխոսությանը: Մենք պատրաստ ենք բանավիճել ու ընդունել լավագույն առաջարկությունները»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Նա կարևորել է իշխանության և ընդդիմության միջև օգտակար երկխոսության կարևորությունը, ինչը կօգնի նաև հանրությանը:«Բայց անել վիրավորական արտահայտություններ կառավարության հասցեին, դա ոչ մի լավ բանի չի բերելու: Մեր երիտասարդ պետության փորձը ցույց է տալիս, որ նման ռազմավարություն ընտրող ընդդիմախոսները ոչ մի լավ բանի չեն հասնում, պետք են կոնստրուկտիվ մոտեցումներ»,- կարծիք է հայտնել վարչապետը: Ըստ նրաˋ շատ հեշտ է քննադատել գործող կառավարությանը քաղաքական գնահատականների առումով: Տիգրան Սարգսյանի խոսքովˋ ընդդիմախոսների մոտ բացակայում է քաղաքական տեսլականը, այն էˋ միջին խավի ձևավորում, որովհետև առանց միջին խավի ու քաղաքացիական հասարակության հնարավոր չէ բացահայտել տնտեսական պոտենցիալի աճը:
«Մեր ընդդիմախոսները հայտարարում են, որ քաղաքացիական հասարակության ձևավորման առումով կան հաջողություններ և դա կաշկանդելու է իշխանություններին:Կառաջարկեի ԱԺ-ին կազմակերպել լսումներ, թե ինչ օրենսդրական նախաձեռնություններով կարելի է հանդես գալ, որպեսզի Հայաստանում բարելավի սոցիալ-տնտեսական միջավայրը»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը խոստովանել է, որ երկրում դեռևս բարձր է կոռուպցիայի մակարդակը, սակայն կառավարությունը մշակել է մի շարք մեխանիզմներ, որոնք կխոչընդոտեն կոռւպցիայի աճին:
«Մեզ սպասվում է լարված աշխատանք, և դա արդյունավետ կլինի, եթե մենք գործենք միասնաբար»,- ասել է վարչապետը:
Նշենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նիստի վերջում հայտարարել է, որ բյուջեի քննարկումները ընդմիջվում են չորս օրով:
Էմմա Պալյան