տուն Քաղաքական Վերլուծական Ընդդեմ ընդդիմության

Ընդդեմ ընդդիմության

327
0

HAKKKKKKKKK

Հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքի  անմխիթար վիճակը, տևական ժամանակ է, կասկած չի հարուցում որևէ մեկի մոտ: Այս մասին խոսում են վերլուծաբանները, կայքերը, թերթերը քաղաքական գործիչները, ընդդիմադիրները և անգամ իշխանություններն ու կառավարությունը: Լրատվական դաշտը գրեթե ամբողջովին հեղեղված է հանրային  կյանքի բոլոր ոլորտները ներառող անկումների մասին ցուցանիշերով և, բնականաբար, իշխանությունների ու կառավարության «ջախջախիչ» քննադատություններով ու վերլուծություններով: Ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերն ու գործիչները քարը քարի վրա չեն թողնում կառավարության ցանկացած նախաձեռնության մասին խոսելիսˋ լինի դա կառավարության ծրագիր, պետբյուջե, թե՝ կենսաթոշակային համակարգ: Ինչ խոսք, վիճելի չէ, որ այդ քննադատությունները մեծամասամբ խփում են նշանակետին, սակայն գործնականում իշխանության կամ կառավարության քննադատությունները, ցավոք սրտի, հռետորաբանությունից այն կողմ չեն անցնում: Թե ինչու ենք մենք ականատես նմանօրինակ իրականության, բացատրություններն ու մեկնաբանությունները չափազանց շատ ենˋ ընդ որում  գրեթե բոլոր դեպքերում հանգում են «հանցավոր իշխանությանը կամ իշխանության հանցավորությանը»: Այս ձևակերպումները, չնայած նրան, որ հնչողության մակարդակում չափազանց ընդդիմադիր են, գործնականում վերացական են և ոչինչ չենթադրող: Ուստի, շեղվելով իշխանության գործելաոճի քննադատության ավանդույթից, փորձենք անդրադառնալ ընդդիմադիր ճակատին:

1. ԲՀԿ— հիշյալ կուսակցությունը երբեք էլ իրեն չհռչակեց ընդդիմություն, սակայն տարատեսակ հարցերի կապակցությամբ և հետապնդելով բացահայտ ու թաքուն նպատակներ՝ երբեմն հանդես է գալիս այնպիսի ընդդիմադիր դիրքերից, որ կարող է մոլորության մատնել ցանկացած ՀՀ քաղաքացու: Սակայն, առանձնապես մեծ սրատեսություն հարկավոր չէ տեսնելու համար, որ հիշյալ կուսակցության հենասյուներն են խոշոր գործարար-օլիգարխները, որոնք բազմահազար թելերով սերտաճած են հայաստանյան պետական համակարգի հետ և, բնականաբար, առանցքային հարցերում չեն կարող հարվածել իրենց սնուցող համակարգին:

2. ՀՅԴ— թերևս ՀՅԴ-ի մասին կամ՝ լավ, կամ՝ ոչինչ: Բացի ընդդիմություն դառնալու մասին հրապարակային հայտարարությունից, մինչ օրս այդպես էլ պարզ չդարձավ, թե որտեղ է կայանում այս կուսակցության ընդդիմադիր լինելը:  Մի խոսքովˋ «դեմ ըլլալովˋ կողմ ենք»։

3. Ժառանգություն- Ժառանգության պարագայում ամեն ինչ ավելի հետաքրքիր է: Երբեմնի սկզբունքային ու արմատական ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կուսակցությունից, կարելի է ասել, գրեթե ոչինչ չի մնացել: Ակնհայտ է, որ բուն Ժառանգության ներսում առկա է խորը ճգնաժամ, որն այդպես էլ հանգուցալուծում չի ստանում: Խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցությունը փաստացի կազմված է մեկ անձիցˋ Զարուհի Փոստանջյանից, ով նաև խմբակցության ղեկավարն է, Թևան Պողոսյանը կուսակցության անդամ չէ, Քոքոբելյանը վաղուց կասեցրել է իր անդամակցությունը, խմբակցության ղեկավարությունից հրաժարվելուց հետո Ռուբեն Հակոբյանը ևս միայն ֆորմալ առումով է խմբակցության անդամ՝ Ինչպես նաև Ալիկ Արզումանյանը: Մինչ այս «Ազատ դեմոկրատների» հետ, ամենայն հավանականությամբ, ֆինանսական շարժառիթներով դաշինքից հետո, պատգամավոր չդարձան Ժառանգության այնպիսի ակտիվ գործիչներ, ինչպիսիք էինˋ Ստյոպա Սաֆարյանը և Արմեն Մարտիրոսյանը: Վերջիններս, համենայնդեպս, խորհրդարանական աշխատանքի տեսանկյունից,  արդյունավետ գործունեությամբ էին զբաղվում: Եթե սրան գումարում ենք նաև մարտ-ապրիլ ամիսներին հետընտրական պրոցեսներից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշի կտրուկ անկումը, ապա պարզ է դառնում, որ Ժառանգությունը չի տիրապետում անգամ այն ռեսուրսին ու ընտրազանգվածին, որն ուներ խորհրդարանական ընտրություններից առաջ։

4. ՀԱԿ- Երբեմնի արմատական ընդդիմադիր դաշինքից այսօր մնացել է արմատական ընդդիմադիր հռետորաբանությամբ հանդես եկող նույն անվանումով կուսակցությունը: Դաշինքի կազմաքանդումն ու վերածումը կուսակցության՝ մի կողմից տրամաբանական զարգացում էր, քանի որ հասկանալի էր, որ դաշինքի ձևաչափը ինչ-որ մի պահի պետք է սպառեր իրեն, սակայն մյուս կողմից՝ բավական լուրջ հարված հասցրեց ՀԱԿ վարկանիշին: Սրան գումարվեց նաև ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը, որը կրկին անգամ ստվեր նետեց ընդդիմադիր կուսակցության հեղինակության վրա: Այս պայմաններում, իհարկե, ՀԱԿ-ը շարունակում է հանդես գալ որպես միակ իրական ընդդիմության դիրքերից, սակայն պետք է խոստովանել, որ ներկայիս ՀԱԿ-ը նույնպես աչքի չի ընկնում գործողությունների արդյունավետությամբ և, ավելի շատ, սպառում է 2008-ի համաժողովրդական շարժման գլխին կանգնած լինելու բագաժը:

Ցավոք սրտի, այսպիսին է ընդդիմադիր և ոչ իշխանական դաշտում տիրող իրավիճակը, և թերևս հենց այս իրավիճակն է ներկայիս իշխանության առկայության գլխավոր պատճառը: Իհարկե, կարելի է ամփոփել զգայական մի ձևակերպմամբ, որ հարկավոր է նոր ընդդիմություն, սակայն, թերևս, զերծ կմնանք:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here