«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած եւ կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակել:
Որոշումը կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը՝ հավելելով, որ դրանից հետո Թորոսյանը տեղափոխվել է Նուբարաշենում գտնվող հոգեբուժական հիմնարկ՝ ստացիոնար փորձաքննությունն այնտեղ անցկացնելու:
Հիշեցնենք՝ հունվարի 23-ին Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» եւ կրակոցներ արձակել: Նրա հետ բանակցություններ էր վարել անձամբ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ինչի արդյունքում նա հանձնել էր զենքը, ապա վնասազերծվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 218-րդ, 235-րդ (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, կրելը կամ փոխադրելը) եւ 185-րդ հոդվածներով, եւ Թորոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: