տուն Քաղաքական Էրդողանն ու Թրամփը «քաղաքական առևտրի» կգնան Հայոց ցեղասպանության հարցում.ամերիկագետ

Էրդողանն ու Թրամփը «քաղաքական առևտրի» կգնան Հայոց ցեղասպանության հարցում.ամերիկագետ

181
0

Էրդողանի վաշինգտոնյան այցի նախաշեմին կրկին թեժացել են քննարկումները՝ թուրք-ամերիկյան հակասությունների և այդ համատեքստում՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի իրավական ու քաղաքական հեռանկարի տեսանկյունից: Ամերիկահայերն, ի դեպ, հայտարարեցին, որ բոյկոտելու են Թուրքիայի և ԱՄՆ-ի առաջնորդների վաշինգտոնյան հանդիպումը: Ինչո՞ւ մտափոխվեց Թուրքիայի նախագահը Թրամփի հետ հանդիպումը, այդուհանդերձ, կազմակերպելու առումով, և ի՞նչ զարգացումներ սպասել այդ ամենից: Araratnews.am-ի զրուցակիցը ամերիկագետ Սուրեն Սարգսյանն է:

Պարոն Սարգսյան, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո Էրդողանը բավականին կտրուկ արձագանքեց՝ չբացառելով նաև, որ չեղարկելու է նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահի հետ նախանշված հանդիպումը: Օրերս, սակայն, տեղեկություն ստացվեց, որ Թուրքիայի նախագահը փոխել է որոշումը, ավելին՝ նրա ներկայացուցիչը փակ հանդիպում ունեցավ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ՝ Էրդողան-Թրամփ բանակցությունների օրակարգը հստակեցնելու համար: Ինչո՞ւ մտափոխվեց Թուրքիայի ղեկավարը:

Այո, Էրդողանը հայտարարել էր, որ հնարավոր է՝ չեղարկի իր այցը Միացյալ Նահանգներ, բայց, կարծում եմ, այս պահի դրությամբ նրան ավելի նպատակահարմար է, որպեսզի գնա և փորձի այնպես անել, որ Սենատում բանաձևը չընդունվի: Թուրք-ամերիկյան այս լարված հարաբերությունների փուլում Էրդողանի համար շատ ավելի էֆեկտիվ կլիներ գնալ Վաշինգտոն, քան չեղարկել այցը:

Էրդողանը հայտարարեց նաև, որ Թրամփի հետ քննարկելու է Հայոց ցեղասպանության թեման, միաժամանակ նշելով, թե Սպիտակ տան ղեկավարը ժամանակին իրեն առաջարկել է ցեղասպանություն եզրույթի փոխարեն կիրառել պատերազմ բառը: Արդյո՞ք այս խոսակցություններն արժանահավատ են, և այս լույսի ներքո ի՞նչ պիտի քննարկեն երկու երկրների նախագահները:

Քանի դեռ հերքում չկա պաշտոնական Վաշինգտոնից, ապա Էրդողանը ճիշտ է ասում, նման խոսակցություն, քննարկում եղել է, նրան այդպիսի առաջարկ արվել է:

Ի վերջո, որքանո՞վ կազդեն Էրդողան-Թրամփ բանակցությունները Սենատի ապագա որոշման վրա՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու տեսակետից:

Չի բացառավում, որ Թրամփը կարողանա ազդել Սենատի որոշման վրա, որովհետև այստեղ նրա թիմակիցները, կուսակիցները՝ հանրապետականները, մեծամասնություն են կազմում, և բացառված չէ, եթե ԱՄՆ նախագահը նրանց համոզի, որոշակի ակնկալիքներ ու շահեր ներկայացնի, ապա Թրամփին կաջակցեն:

Նաև բնական է, որ Էրդողանն էլ իր հերթին շատ բան ունի առաջարկելու Միացյալ Նահանգներին, և այս առումով, իհարկե, առևտրի տեղ մնալու է…

Զրուցեց Արա Ալոյանը