Սիրիայում հրադադարի վերաբերյալ Անկարայի ու Վաշինգտոնի ձեռք բերած համաձայնությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում շնորհակալություն էր հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Թուրքիա մեկնած ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի ու պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ թուրքական կողմի հետ տեղի ունեցած բանակցությունների ավարտից հետո Թրամփը Twitter-ում գրել էր. «Հրաշալի լուրեր Թուրքիայից: Շուտով Փենսն ու Պոմպեոն մամուլի ասուլիս կտան: Շնորհակալություն Էրդողանին: Միլիոնավոր կյանքեր կփրկվեն»:
Այս գրառմանը հաջորդել է Էրդողանի պատասխան գրառումը. «Հարգելի՛ նախագահ, ավելի շատ կյանքեր կփրկվեն, երբ հաղթենք մարդկության հիմնական թշնամի ահաբեկչությանը: Վստահ եմ, որ այս համատեղ ջանքերը կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»: