տուն Հասարակություն Էջմիածնում չեն պահպանվում հանրային տրանսպորտից օգտվելու կանոնները (տեսանյութ)

Էջմիածնում չեն պահպանվում հանրային տրանսպորտից օգտվելու կանոնները (տեսանյութ)

349
0

Այսօր`մայիսի 18-ին, երկարատև դադարից հետո վերսկսվեց քաղաքային և միջմարզային տրանսպորտի շահագործումը՝ մի շարք կանոնների պահպանմամբ: Պարետի որոշման համաձայն, առանց դիմակի և ձեռնոցի քաղաքացիները իրավունք չունեն օգտվել հանրային տրանսպորտից, ինչպես նաև հանրային տրանսպորտում կանգնած ուղևորներ չպետք է լինեն`բացառությամբ ինը մետրանոց ավտոբուսների:

Թե ինչ իրավիճակ է տիրում Էջմիածնում և ինչպես են պահպանվում պարետի որոշումները՝ պարզել է Araratnews.am-ի թղթակիցը:

Էջմիածնի ավտոկայանում սովորականից ավելի քիչ մարդ կար: Մեր նկարահանման պահին քաղաքացիներից ոմանք նստած էին ավտոբուսում, առանց դիմակի:

Վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ շարժվելուց հետո քաղաքացիներն անպայման կրում են դիմակները (թեպետ ավտոբուսի պատուհանի ապակու վրա փակցված է գրություն՝ առանց դիմակի  և ձեռնոցների չնստել- տե՛ս լուսանկարը): Ավտոբուսները շարժվում են քսան րոպե ընդմիջումով: Այսինքն ստացվում է, որ ավտոսրահում ուղևորը 20 րոպե նստում է առանց դիմակի։ Սա՝ որպես ի գիտություն Էջմիածնի քաղաքապետարանի։  Մեր այն հարցին, թե կանգնած ուղևորներ լինո՞ւմ են, վարորդն ասաց, որ նման բան չկա:

Իմ՝ կանգառում գտնվելուց մի քանի րոպե հետո ավտոկայանում հայտնվեց նաև ոստիկան: Որը զրույցի բռնվեց վարորդների հետ:

Նկատեցինք, որ մեր նկարահանման ընթացքում վարորդներն ակտիվացան:

Նկարահանման պահին հանրային տրանսպորտին մոտեցավ միջին տարիքի մի կին, որը կրում էր դիմակ, բայց ձեռնոց չուներ: Վերջինս անխոչընդոտ նստեց ավտոբուս: Բայց նրան որևէ մեկը չմոտեցավ՝ հիշեցնելու պարետի որոշման մասին և արգելելու առանց համապատասխան կանոնները պահպանելու նստել փոխադրամիջոց: Ի դեպ, մի նկատառում ևս. մեր նկարահանման ժամանակ հանրային տրանսպորտից օգտվողները հիսունից բարձր տարիք ունեցող անձինք էին:

Հետաքրքիր կլիներ լսել Էջմիածնի քաղաքապետարանի պարզաբանումը տիրող իրավիճակի կապակցությամբ։

Առավել մանրամասն`տեսանյութում։

Հայկ Մագոյան