— Երբ որ ժողովրդի հետ օրինագծի մասին խոսում ենք, հիշեցնում են հայտնի ասույթըˋ «Էշ մի մեռի , գարուն կգա»,- այսպես սկսեց իր ելույթը ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
— Եթե կառավարությունը փոխվեց, բայց կառավարության քաղաքականությունը չփոխվեց, իմաստը ո՞րն էր: Նույնը օրենքըˋ վերցրել ենք, իբրև նոր օրենք ենք սարքել, հիմա էլ ասում ենք, թե սահմանադրական դրույթներին համապատասխան օրենք ենք գրել: Մեզ ասում են՝ ինչ էլ ներկայացնեինք՝ դեմ էիք լինելու: Չի կարելի ներկայացնել իրողությունը գլխիվայր: Մենք պարզ ասել ենք ինչ անեք: Արե՞լ եք, ու դեմ ենք եղել: Ո՞ւմ է պետք, որ գանք, ներկայացնեք պատրաստի փասթաթուղթ, ասեք՝ կողմ եղեք: Ու սա իշխանությունների համար կոչվում է քննարկման փուլի անցած որոշում: Կամ սայթում դնում եք միայն լավ մասերը, վատ մասերը չեք դնում, որ հասարակությունը հավանի ձեր դրածը:
Ինչի՞ համար է ներդրվում պարտադիր կուտակայինը: Ֆինանսական խնդիր լուծելու համար: Ինչի՞ ենք խաբում ժողովրդին, թե՞ սոցիալական հարց ենք լուծում: Սոցիալական հարց չեք լուծում: Համերաշխության սկզբունք չկա: Սահմանադրությամբ սոցիալական պետություն ենք մենք մեզ հռչակել: Էսօր սոցիալական չես, 40 տարի հետո ի՞նչ երաշխիք կա, որ սոցիալական կլինենք: Ձեր ասածը՝ եղունգ ունես գլուխդ քորի տարբերակն է: Մնացած խնդիրները, որոնք որ սոցիալական բնույթ ունեն, անտեսված են: Ամբողջ ցավը դրա մեջ է, որ ասում ենք, թե լուծել ենք հարցերը, բայց պարտադիրը չի վերացված։ Հիմա մի դառը բանի անուն շաքար դնենք, հո չի քաղցրանա, հետո համերաշխության սկզբունքը չկա, իսկ խտրականությունն ակնհայտ է,- եզրափակեց պատգամավորը: