Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը դատապարտել է Ուկրաինայում ազգայնական «Աջ սեկտոր» խմբավորմանը։ Այս մասին նա տարածել է հայտարարություն, որում ասվում է․ «Ես խստորեն դատապարտում եմ Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքը շրջապատած «Աջ սեկտորի» ակտիվիստների կողմից իրականացվող ճնշումները։ Խորհրդարանին վախեցնելու այդպիսի փորձերը հակասում են ժողովրդավարական սկզբունքներին և օրենքի գերակայությանը», — ասվում է փաստաթղթում։
Նա կոչ է արել ծայրահեղականներին զերծ մնալ բռնության և սպառնալիքների իրագործումից։ «Նրանք անհապաղ պետք է վերադարձնեն բոլոր չգրանցված զենքերը իշխանություններին», — ասել է եվրոպական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։ Էշթոնը ողջունել է «Աջ սեկտորի» առաջնորդներից Սաշկո Բիլիի սպանության հարցով ստեղծված հատուկ հանձնաժողովը։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը «Աջ սեկտորի» մինչև 1500 ակտիվստներ շրջապատել էին Ռադայի շենքը, փորձել գրոհել այն՝ պահանջելով ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի հրաժարականը։